Որ Ալեքսանդր Երրորդն ասում էր, որ իրենք ընդամենը երկու դաշնակից ունեն՝ իրենց բանակը և նավատորմը, վատ չէր ասում։ Հատկապես մենք, որ այդքան սիրում ենք մեր հույսը ծերացած Եվրոպայի իմպոտենտ կառույցների վրա դնել ու հաճախ հիասթափվելու սովորություն ենք ձեռք բերել, սա պետք է լավ հիշենք։ Մեր թշնամին միայն մեկ լեզու է հասկանում՝ ուժի լեզուն, իսկ միջազգային հանրությունը երկար համոզելուց հետո միայն բավարարվում է կցկտուր դատապարտող խոսքով։ Մենք մեր հույսն այսուհետ պետք է դնենք միայն ՀՀ ՊՆ-ի ու ԼՂՀ ՊԲ-ի վրա։ Մնացյալ կառույցների ու պետությունների գործողությունները մեզ համար վճռորոշ պահերին խիստ անկանխատեսելի են ու, որպես կանոն, մեզ ձեռք չտվող։ Ազեռը Կարմիր խաչի մեքենայի վրա կրակող ազեռն է, իսկ Կարմիր խաչն ու նման ոճի կառույցները՝ առանց հետևանքների, հեռվից դատապարտողները։ 
Էն, ինչ այսօր արեցին ԼՂՀ ՊԲ-ի տղերքը, իսկապես հերոսություն էր։ Ճեղքել կրակագիծը, անվնաս մոտենալ ուղղաթիռին, դիակ, մասունքներ ու ուղղաթիռից անհրաժեշտ բաներ վերցնել միայն գերպրոֆեսիոնալները կարող էին։ 
Ամիսներ առաջ սահմանային լարվածության թեժ օրերին հիվանդանոցում բախտ վիճակվեց հանդիպել ականի վրա պայթած մեր մի քանի տղերքի, ովքեր գնացել էին բերելու նախորդ օրը ականի վրա պայթած իրենց ընկերոջը։ Ցավոք, նրանք էլ էին պայթել, ոտքեր ու ձեռքեր էին կորցրել։ Սա գրում եմ, որ մեր հասարակ քաղաքացին հասկանա ու գիտակցի, թե այսօր արվածն ինչ օպերացիա է եղել, ինչ բարդ ու ինչ ռիսկային է եղել։ Զոհված տղերքի դիակների հետևից գնացողները գիտակցել են, որ իրենք էլ կարող են զոհվել, բայց գնացել են այդ տղամարդավարի քայլին։ 
Աննկարագրելի հպարտ եմ։ Փառք մեր հերոս տղերքին։ Փառք մեր բանակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել