Քաղաքական թեժ աշունն այդպես էլ չկայացավ, սակայն Եռյակը շարունակում է մնալ քաղաքական դաշտի կիզակետում: Ոչ իշխանականների ներսում տարաձայնություններն օր օրի խորանում են:

Եռյակի ներսում Ժառանգության և ոչ իշխանական մյուս ուժերի համագործակցության պաշտոնական մասը դեռ պահպանվում է, սակայն նրանց տարածած հայտարարություններից դժվար չէ եզրակացնել, որ Հովհաննիսյանն այսուհետ գործելու է Եռյակից առանձին: 

Ներկայացնում եմ ուժերի հայտարարությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է. «Հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ, ու օրակարգն էլ ամբողջական չէ: Պետք է ունենանք այդ շիտակությունն ու տղամարդկությունը` ասելու համար, որ որոշ բաց հարցեր են մնում` հրապարակային գործունեության շարունակականության խնդիրը, շարժման սկզբունքների հռչակման հարցը, որոշումների կայացման անհրաժեշտության հարցը»:
Րաֆֆին այստեղ խոսում է ոչ իշխանականների չհամաձայնեցված օրակարգի մասին: 
Ի պատասխան Հովհաննիսյանի հայտարարության՝ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ որոշման դաշտից կհեռացնեն նրանց, ովքեր կխանգարեն շարժման հետագա քայլերի իրականացմանը: 
Րաֆֆու հայտարարության վերաբերյալ խոսել է նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքում հատկանշականն այն է, որ Սարգսյանը չի հենվում Րաֆֆու կարծիքի վրա, նրան բացառապես հետաքրքրում է Ռուբիկ Հակոբյանի կարծիքը: 

Տարածած հայտարարությունները վկայում են այն մասին, որ փաստացի Եռյակը վերածվում է Դուետի, հակառակ դեպքում այսպիսի ներքին տարաձայնությունները պարզապես ծիծաղելի են: Ակնհայտ է, որ նման հրապարակային մեղադրանքները սասանում են Եռյակի հեղինակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել