Այսօր կենցաղային տեխնիկայի խանութում մի հետաքրքիր միջադեպի ականատես եղա: Ուրեմն ծնողներն աղջկա հետ, տեղեկանքները ձեռքին եկել են ապառիկով հեռախոս վերցնելու: Հոր հագը գունաթափված հին դերմանտինից բաճկոն է, մայրն էլ՝ 80-ական թվականներին արտադրված վերարկուով ու ծռված կոշիկներով: Իսկ աղջիկը... Իրենց լեզվով ասած լրիվ բռենդըվիի մեջ, ոնց որ բալ մասկառադ գնալուց: Տեղեկանքը տալուց հետո խանութը հաստատեց ապառիկը, հիմա մայրը խեղճացած, թախանձագին դեմքով նայում է աղջկան, համոզում, որ գոնե մի քիչ էժան, ընդամենը 290 000 դրամանոց Samsung galaxy վերցնի, որ մի քիչ թեթև փակեն 2 տարվա վարկը: Սակայն աղջիկն անդրդվելի էր, միայն 420 000 դրամանոց iPhone ու վերջ, ու խեղճացած ծնողների երեսին շպրտեց կախարդական բառերը. «Բա էլ ու՞մ համար եք աշխատում»: Ծնողները վերցրին iPhone -ը, շնորհավորելով տվեցին աղջկան, իսկ իրենք վերցրին ապառիկի պարտավորագիրն ու էսկալատրով լուռ իջան նրա հետևից. նա հեռախոսով առաջ էր ընկել, որ հանկարծ ռամիկ ծնողները կողքով քայլելուց իր փայլուն տեսքի վրա ստվեր չգցեին:

Հ.Գ 2000 թվականին ճանաչում էի այդպիսի ծնողների, ոչ մի բան չէին խնայում, որ աղջիկն իրեն բարձրաշխարհիկ զգա. Վերջում աղջիկը ռիստառաններում, Երևանում հազվադեպ հանդիպող բուծիկներում ցխելով իր ուսման վարձը՝ 600$, ծնողներից թաքուն սկսեց զբաղվել մարմնավաճառությամբ, որ դուրս չմնա, «խայտառակ» չլինի բարեկամների առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել