«ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ» բարեգործական նախաձեռնությունը ներկայացնում է խիստ անապահով ընտանիքներից եւս մեկին, որի խնդիրներին ծանոթացանք մեր այցելության ընթացքում: Այս անգամ ուղևորվեցինք Վանաձորի Մաշտոցի 60 հասցեում գտնվող Մարտիրոսյանների ընտանիք:
42-ամյա Մարինեն 5 տարի է արդեն ամուսնալուծված է (ամուսինը գնացել է Ռուսաստան և չի վերադարձել), ունի երեք երեխա՝ երկու աղջիկ, մի տղա: Տիկին Մարինեն օրվա ապրուստը փորձում է հայթայթել տարբեր ընտանիքներում տնային գործեր կատարելով, ինչպես նաև բակերում հող փորելով: Տղան՝ 9-ամյա Սմբատը հաշմանդամ է, 4 տարեկան հասակում վայր ընկնելով գլուխը հարվածել է պահարանին և 5 տարի շարունակ գլխոսկրի կոտրվածքով, հույսն ու հավատը սրտում սպասում է այն բարերարների օգնությանը, որոնք կես միլիոն դրամ արժողությամբ վիրահատության շնորհիվ ունակ են իրեն վերադարձնելու լիարժեք կյանքին, որն այլեւս չի ուղեկցվի տանջող սաստիկ գլխացավերով եւ հիվանդությանը բնորոշ անհանգստություններով: Սմբատը մոտ 3 տարի է հաճախում է Վանաձորի թիվ 1 գիշերօթիկ կենտրոն: Ինչպես նշեց մայրը՝ ինքը ժամանակին դիմել է պատկան մարմիններին, սակայն որևիցե խոստումնալից արձագանք եւ լուծում չի տրվել նրանց կողմից, իսկ գլխի վնասված հատվածի պլաստիկ վիրահատությունը պետպատվերի շրջանակներում չի կատարվում: «Դրա համար էլ անհրաժեշտ է 500 հազար դրամ», - մեզ հետ զրույցում նշեց տիկին Մարինեն»: Ի դեպ, 9-ամյա Սմբատը 3-րդ խմբի հաշմանդամ է, իսկ 30 հազար դրամ նպաստ եւ 22 հազար դրամ թոշակ ստացող ընտանիքը անկարող է դիմանալ վերահաս ձմռան դժվարություններին, առավել ևս որ ընտանիքի հինգ անդամներից երեքը անառողջ են, իսկ երկուսը ունեն շտապ վիրահատության կարիք: Շուրջ 40 տարվա վաղեմություն ունեցող խարխուլ տնակի կենտրոնական հատվածում ամրացված փայտե ձողն էլ դարձել է այս հուսալքված ընտանիքի «պաշտպանը» և չի բացառվում, որ ցանկացած պահի տանիքը փլուզվելով կարող է մարդկային կյանքեր խլել: Պատկան մարմինները եկել և ծանոթացել են այս ընտանիքի բազմաշարք խնդիրներին, սակայն մինչ օրս սայլը տեղից չշարժելով՝ անտարբերության են մատնել օգնության եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող այս մարդկանց, անգամ անտեսելով, որ ընտանիքում կա նաև փոքրիկ, ով մեզ հետ զրույցի ընթացքում արցունքն աչքերին մայրիկից հաց էր խնդրում: Հավելենք, որ օգնության կարիք ունի նաև երեխաների մայրը՝ 42-ամյա Մարինեն, նրա մոտ հայտնաբերվել է երկկողմանի թունավոր խպիպ և սրտային անբավարարություն, կարիք ունի վիրահատության: Իսկ մեծ աղջիկը՝ 16-ամյա Արեգնազանը, ով ևս հաճախել է գիշերօթիկ կենտրոն, երազում է գոնե վարսավիրություն սովորելու մասին: 
ՀՈւՅՍ ՀԱՅԻՆ բարեգործական նախաձեռնությունը անց է կացնում հանգանակություն այս ընտանիքի համար ВТБ բանկում բացված հետևյալ հաշվեհամարներով.
AMD 16020020124401
USD 16020020124402
EUR 16020020124403


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել