Թուրքիայում 93 տարի քրիստոնեություն դավանած ասորի տղամարդուն մուսուլման են դարձրել, փոխանցում է Aykiridogrular կայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը:
Ազգությամբ ասորի Յաքուփ Չանքայան ծնվել է ներկայիս Թուրքիայի Մարդին նահանգի Միդյաթ շրջանում: 93-ամյա տղամարդը գրանցված էր այս վայրում, թեև երկար տարիներ ապրում էր Շվեդիայում, որտեղ էլ մահացել է:

Մահվանից հետո Չանքայայի դուստրը` 63-ամյա Գյուներ Օզմենը, ով նույնպես բնակվում է Շվեդիայում, դիմել է Մարդինի համապատասխան կառույցներին` հոր ազգանունն իրեն վերցնելու համար:

Թուրքիայում նրան տրամադրած փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո Գյուները հասկացել է, որ հայրը պետական նշված է որպես «մուսուլման», թեև նա ամբողջ կյանքում եղել է հավատացյալ քրիստոնյա:
Կինը դիմել է թուրքական իշխանություններին` փաստաթղթերում փոխելու հոր կրոնական պատկանելությունը` այն դարձնելով քրիստոնյա:

Միդյաթի բնակչության գրանցման վարչության պաշտոնյաները Գյուների` իր հոր դավանանքի տվյալները փոխելու պահանջին ի պատասխան ցնցող խոսքեր են ասել:

«Ի՞նչ գիտեք` միգուցե ձեր հայրը մուսուլման է եղել»,- այսպես են պատասխանել ասորի կնոջը թուրք պաշտոնյաները, ովքեր այդպես էլ հրաժարվել են փոխել Յաքուփ Չանքայայի կրոնի վերաբերյալ տվյալները:
Գյուները որոշել է դիմել Շվեդիայում Թուրքիայի դեսպանատուն` հարցը կարգավորելու համար: Ասորի կինը հայտարարել է, որ չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել, և ամեն ինչ անելու է, որպեսզի իր քրիստոնյա հորը պաշտոնյաները մուսուլման չդարձնեն:

Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել