Երբ մարդուն, ազգը կամ բանակը ուզում են նվաստացնել ու ծնկի բերել, նրանից պատանդ են վերցնում` ողջ կամ մահացած: Անհատը կարող է չդիմանալ, հանձնվել և ընդունել ահաբեկիչների բոլոր պայմանները, դրանով ինքն էլ է վերածվում պատանդի: Հոգեբանության մեջ դա կոչվում է «ստոկհոլմյան սինդրոմ», քանի որ 70-ական թվականներին Շվեդիայի մայրաքաղաքում արաբներն առևանգում էին հրեաներին, քաղաքական պահանջներ թելադրելով: Ստոկհոլմի ոստիկանությունն ու զոհերը հակված էին բավարարելու բոլոր պահանջները, մինչդեռ իսրաելական պետությունն ու հատուկ ծառայությունները սկզբունքորեն հրաժարվում էին բանակցել ահաբեկիչների հետ, գերադասելով ցանկացած գնով ազատագրել հայրենակիցներին: Դասական օրինակն է` հրեաների առասպելական գործողությունը Ուգանդայում, որտեղ հատուկ ջոկատը ժամանել, հարձակվել ու ազատագրել էր առևանգված մի ողջ ինքնաթիռ` հարյուր պատանդներով: Նույն Իսրաելը վերջերս շուրջ հազար արաբ գերիներով է փոխանակել իր միակ պատանդ վերցված զինվորին: Այսպես են հրեաները գնահատել իրենց երկրի քաղաքացու ու զինվորի կյանքը: Արցախում 40 հազար հայ զինվորների մասնակցությամբ անցնող զինավարժությունների ընթացքում սահմանի վրա զոհվել է երեք սպա օդաչու` ցանկացած բանակի վերնախավը: Մեր հրամանատարությունը հետ է կանչել զորքը, ՀՀ նախագահը կրակոտ ճառ է արտասանել համազգեստը հագին, որոշ քաղաքացիներ նամակ-պահանջ են ստորագրում կամ հացադուլ անում… Իսկ զոհված օդաչուները մնում են չեզոք գոտում, չթաղված, պատանդների վիճակում: Եվ հրամանատարները հնարավոր կամ անհրաժեշտ չեն համարում դժոխային կրակի տակ առնել ազերի շրջակա դիրքերն ու այդ մահաբեր վահանի ներքո հատուկ ջոկատ ուղարկել չեզոք գոտուց մեր զինվոների դիակները փրկելու համար: Եթե ուղաթիռի խոցումը թշնամական հատուկ սադրանք էր հասարակությունն ահաբեկելու ու մեզ ԵԱՏՄ խցկելու նպատակով, ապա այս խայտառակ ու զավեշտալի անգործությունն ինձ թվում է նույն կայսերամետ ուժերի դավադրություն մեր անկախության վերջին հանգրվանը` հայոց բանակը վարկաբեկելու համար: Եթե պատերազմի մեջ գտնվող ու հսկայական զորավարժութուններ անցկացնող բանակը շաբաթից ավել չի համարձակվում ազատագրել չեզոք գոտում ընկած իր պատանդներին, ապա սա ոչ միայն զոհված օդաչուների, այլ մեր պետականության յոթն ու քառսունքն է: Իսկ երեք այս տղաների անունները դավաճանորեն սպանված Վահե Ավետյանի ու վիրավորված գնդապետ Բուդաղյանի հետ մեկ շարքում են` հայոց բանակի ու ազգի դեմ դավադրության ցուցակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել