Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն անդրադառնալով նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ուսումնական ուղղաթիռի խոցելու դեպքին՝ նշեց, թե վաղուց ժամանակն է Մինսկի խումբը հասցեական գնահատական տա տեղի ունեցածի նկատմամբ: Tert.am-ին հարցերին ի պատասխան Արտակ Զաքարյանը նշեց, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ազատվել Մինսկի խմբի գործընթացի կապանքներից: «Ազատվել, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ դա Ադրբեջանին տանելու է դեպի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման անվիճելի սկզբունքի ընդունում»,-ասաց նա:

-Պարոն Զաքարյան, ի՞նչն է խանգարում ԵԱՀԿ-ին ավելի կոշտ արձագանքով հանդես գալ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ուսումնական ուղղաթիռի խոցելու փաստի առնչությամբ և ինչո՞ւ չեն պարտադրում Ադրբեջանին՝ հարգել միջազգային կոնվենցիան՝ օդաչուների դիակները դուրս բերելու համար:

-Ես ԵԱՀԿ-ի փոխարեն կդժվարանամ պատասխանել: ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ արձագանքներ ունեցել է տարբեր իրադարձությունների վերաբերյալ:

-Գուցե հայկական կողմի արձագանքն այնքան էլ ադեկվատ չէ, հայտարարություններն այնպիսին չեն, որ ԵԱՀԿ-ին պարտադրեն ավելի հասցեական խոսել:

-Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք արել հասցեական դիրքորոշում ունենալ և տվյալ պարագայում Ադրբեջանին ի ցույց դնել որպես կոպիտ խախտում իրականացնող կողմ՝ ձեռք բերված հրադադարի պայմաններում: Դա իր մեջ պարունակում է շատ կոշտ դիվերսիոն և սադրիչ գործընթաց՝ բանակցային խաղաղ գործընթացը խաթարելու: Այսինքն` Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ: Համաձայն եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի հասցեական լինի դիրքորոշումների մեջ, որպեսզի բանակցային գործընթացը քիչ տուժի: Մեր կայուն համոզմունքն է, որ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և չկա այլընտրանք նաև Մինսկի խմբի բանակցային գործընթացում:

-Ադրբեջանի նման պահվածքը չի՞ հուշում, որ այդ երկիրը երաշխիքներ ունի որոշակի կառույցների կողմից:

-Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ փորձ է անում ձախողել բանակցային գործընթացը: Սրա մասին բոլորը գիտեն: Կազմակերպությունները կողմերին կոչ անելով կառուցողական երկխոսության՝ բնականաբար նկատի են ունենում, որ նման գործողությունները պետք է բացառել, դրանք անթույլատրելի են, դրանք չեն կարող նպաստել հասարակությունների միջև փոխադարձ վստահության մշակույթի ձևավորմանը, կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, և Ադրբեջանի կողմից այս ապակառուցողական գործողությունները` խաթարելու Մինսկի խմբի գործընթացը, ունեն նաև որոշակի ռազմական գործողությունների շարք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել