Կար–չկար, մի շատ բարկացկոտ ու նյարդային երիտասարդ կար։ Մի օր հայրը նրան կանչում է իր մոտ, մեխերով լի պարկ տալիս և ասում, որ ամեն անգամ, երբ որդին չկարողանա զսպել զայրույթը, թող մեկ հատ մեխ մեխի տան մոտի սյան վրա։

Առաջին օրը սյան վրա 10–ից ավել մեխեր էի մեխված։ Հաջորդ շաբաթ նա կարողացավ մի փոքր զսպել իրեն և գնալով սյան վրա խփվող մեխերի քանակը քչացավ։ Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է կառավարել զայրույթը, քան մեխ մեխել։
Վերջապես եկավ այն օրը, երբ նա ոչ մի անգամ ինքնակառավարումը չկորցրեց։ Նա դրա մասին պատմեց հորը և վերջինս ասաց, որ սրանից հետո ամեն օր, երբ կզսպես քեզ և չես զայրանա` սյունից մի մեխ հանիր։

Անցավ ժամանակ և եկավ այն օրը, երբ երիտասարդը հորը հայտնեց, որ սյան վրա էլ մեխ չկա մեխված։ հայրը բռնեց որդու ձեռը և տարավ սյան մոտ.

–Դու վատ չկատարեցիր առաջադրանքը, բայց տեսնու՞մ ես, թե ինչքան մեխի հետք կա սյան վրա։ Այն այլևս առաջվանը չի լինի։ Երբ մարդու ինչ–որ չար բան ես ասում, նրա մոտ այս անցքերի պես հետքեր են մնում։ Եվ կարևոր չէ, թե քանի անգամ ներողություն կխնդրես. սպիները միշտ կմնան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել