Իրավունք Թերթ - Լուրեր 
Երեքշաբթի, 18 Սեպտեմբեր 2012 00:00 

«ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ՍԱՔՈՒՆՑՆ ԻՆՉ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»
«Իրավապաշտպան» Արթուր Սաքունցը հերթական անգամ կլսի իրեն ուղղված հանրության «ուշունցը»: Հակազգային գաղափարներով մշտապես աչքի ընկնող իրավապաշտպանը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է. «Մենք նպատակ ունենք դատական կարգով բողոքարկելու տարվա մեջ որոշ եկեղեցական տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային համարելու կառավարության որոշումը»: Ինչպես նաեւ հավելել. «Դա կրոնական կազմակերպությունների դաշտում խտրականության դրսեւորում է»: Սաքունցյան հայտարարության վերաբերյալ «Իրավունքը» փորձեց մեկնաբանություն ստանալ Հայր ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՑ.
-Նախ Սաքունցն ինձ համար արժեքավոր անձ չէ, որ իր ասածը մեկնաբանեմ: Նա այն մարդկանցից մեկն է, որը կարող է իր անձնական մոտեցումը ցուցաբերել որեւէ խնդրի շուրջ: Բայց, այդ անձնական մոտեցումների ցուցաբերման ընթացքում Սաքունցն աչքի է ընկել իր ապազգայնությամբ: Ես ընդհանրապես չգիտեմ, թե նա ինչ ազգային ծագում եւ պատկանելություն ունի, որովհետեւ իր բոլոր հայտարարությունների մեջ ավելի հակահայկական մոտեցում կա, քան հայկականություն: Հետեւաբար Սաքունցի ասածն ինձ համար անարժեքություն է, որովհետեւ նա` որպես հայ, անարժեքություն է: Այնպես որ, նրա կեցվածքի մասին ոչինչ չունեմ ասելու:
- Հայր սուրբ, որոշ կրոնական կազմակերպություններ պնդում են, որ տաղավար տոների եւ դրանց հաջորդող հիշատակի օրերի ոչ աշխատանքային լինելը կրոնական խտրականության դրսեւորում է:
- Այստեղ պետք է տեսնել, թե իր ժողովրդի համար Հայ առաքելական եկեղեցին պատմական ամբողջ 1711-ամյա ընթացքում ինչ դեր է խաղացել: Այսօր տան մեջ վարձակալությամբ ապրողը չի կարող որպես տան վարձակալ մոր կամ զավակի արժեքն ունենալ: Բոլոր նորելուկ հայտնված աղվամազ կրոնները հայկական իրականությունից զուրկ եւ հայկականությանը ոչինչ չտված երեւույթներ են: Էլ չասենք, որ դրանք հայտնվել են հայկականությունը այլասերելու համար: Եվ, եթե մենք սաքունցյան դիմակով պետք է մոտենանք հայ եկեղեցուն ու հայտարարենք, որ հայ եկեղեցին եւ մնացյալները հավասար են, ապա սա առնվազն ցույց է տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում Սաքունցը որպես հայ եւ, չակերտյալ, որպես մարդ, որովհետեւ իր մոտեցումն արդեն խոսում է իր մակարդակի եւ իր ազգային պատկանելության մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել