Ինչո՞ւ դիտարկում չի անցկացվել խոցված ուղղաթիռի վայրումArmnewsTV.am-ը գրում է.

Դիտարկումը հերթականն է, արարողակարգը` անփոփոխ: Նախորդ դիտարկումը նոյեմբերի 5-ին է անցկացվել: Նոյեմբերի 5-18-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 727 անգամ, արձակվել է 8473 կրակոց, 932-ը` խշոր տրամաչափի զենքերից: Դեսպան Կասպրշիկի օգնականներն ու Պաշտպանության բանակի ներկայացուցիչը տվյալներ են փոխանակում: Շփման գծից մի քանի կիլոմետր հեռու` անվտանգության երաշխիքների փոխանակումն է: Արցախյան կողմում նշանակված վայր ավելի վաղ են հասել: Ժամանակը կարճացնում են ջրափոսի եւ ասեղի օգնությամբ հորիզոնի կողմերը որոշելով: Փորձը կիսատ մնաց: Սահմանի մյուս կողմից կապի դուրս եկան: Դիտարկումն իրականացնողների եւ նրանց ուղեկցողների անվտանգությունը շփման գծի երկու կողմերում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի հրամանատարներն են երաշխավորում:

Միայն առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելուց հետո շարասյունը դեպի առաջնագիծ է շարժվում: Շփման գծի երկու կողմերից հրամանատարները երկրորդ անգամ են խոստանում` կրակոցներ չեն լինի: Շարունակությունը` առանց մեքենաների: ԵԱՀԿ դրոշներով ու անվտանգության երաշխիքներով, որոնք լրացուցիչ ամրապնդվում են զրահաբաճկոններով ու սաղավարտներով, Անջեյ Կասպրշիկի գլխավորած խումբը ճանապարհը խրամատներով է շարունակում: Նախ դրոշակակիրը, ապա խմբի մյուս անդամները տեղ են գրավում խրամատներից բարձր գտնվող հարթակում: Խրամատներից ձայն են տալիս նաեւ սահմանի մյուս կողմում: Տեսողական կապը հաստատվեց: Դիտարկումն իրականացնող խմբերի միջեւ հեռավորությունը 450 մետր է: Այս դիրքում առավոտից է հանդարտ: Իսկ ահա գիշերը անհանգիստ է եղել, պատմում է դիրքի պատասխանատուն:

Մոտ 10 րոպե տեւած դիտարկումից հետո խմբերը կրկին իջան խրամատներ: Միջադեպեր չեն գրանցվել: Դեսպան Կասպրշիկը պարզաբանում է` ինչու դիտարկումը չի անցկացվում շփման գծի այն հատվածում, որտեղ խոցվել է արցախյան ուղղաթիռը: Երկու դիտարկումների միջեւ ընկած ժամանակահատվածում` նոյեմբերի 5-ից 18-ը, պաշտպանության բանակը հակառակորդի կրակոցներից զոհեր եւ վիրավորներ չի ունեցել: Կործանված ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագիրը դեռ անհայտ է մնում: Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումներն այդ հարցի վերաբերյալ պարզ են: Դեսպան Կասպրշիկը խոստանում է հարցը այս շաբաթ Բաքվում քննարկել:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել