Մի՞թե այդքան անզոր են. ուղղաթիռի ճակատագիրն անհայտ է։
Կեսօրին զրույց ունեցա ԼՂՀ Պաշտպանության բանակի մի քանի պատասխանատուների հետ, որոնք ցավով նշեցին, որ մինչև այս պահը ադրբեջանցիների կողմից խփված ուղղաթիռի և անձնակազմի ճակատագիրն անհայտ է: Ադրբեջանական կողմն անընդհատ կրակահերթեր է արձակում, ինչպես Կարմիր խաչը, այնպես էլ միջնորդական առաքելությունը, որը գլխավորում է Անջեյ Կասպշիկը, չեն կարողանում կոտրել ադրբեջանցիների դիմադրությունը և միջազգային պարտավորություններին համապատասխան քայլեր ձեռնարկել:
Ստեղծված իրավիճակը վկայում է ինչպես Ադրբեջանի անսահման ցինիզմի, այնպես էլ միջազգային կառույցների չափազանց ձևական վերաբերմունքի մասին: Մի քանի դատապարտող հայտարարություններ հնչեցին, եղան նաև լղոզվածները, և միջազգային կառույցները, ՄԱԿ-ը համարեցին իրենց առաքելությունն ավարտված: Իսկ ազերիներն էլ ավելի ոգևորվեցին նման պահվածքից ու շարունակում են արգելքներ ստեղծել, թույլ չտալ, որ հայկական կողմը մոտենա ուղղաթիռին: Համաձայն միջազգային պայմանագրերի՝ նման պայմաններում ադրբեջանական կողմը պարտավոր է դադարեցնել կրակը, թույլ տալ, որպեսզի համապատասխան պաշտոնյաները մոտենան ուղղաթիռին: Մինչդեռ մինչև այս պահը հակառակորդը որևէ քայլ չի կատարում, որոնք բխում են միջազգային պարտավորվածություններից: Ստեղծված կացության մեջ զարմանալի է մեր դիվանագիտական կառույցի՝ արտաքին գործերի նախարարության կրավորական կեցվածքը, որը պարտավոր էր հարցին մեծ հնչեղություն հաղորդել և պահանջել եվրոպական և միջազգային կառույցներից գործուն միջամտություն:
Վախկոտ, անինքնասեր մարդիկ են, որոնց բնավ չի հետաքրքրում օդաչուների ճակատագիրը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել