Tert.am-ը գրում է․

Հայ առաքելական եկեղեցու Սիրիայի թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր տեսակետը Հայոց ցեղասպանության զոհերին սրբերի շարքին դասելու հայ եկեղեցու որոշման վերաբերյալ: Նա նաև նշեց, թե ինչպես են դրան վերաբերվում Ցեղասպանությունը վերապրողների սերունդները. «Մեզ վրա նաև պարտականություն կդրվի պահանջատիրական առաքելություն՝ կանխելու այն բոլոր բռնարարքները, Ցեղասպանության սպառնալիքները, որոնք հնչում են աշխարհում»:

-Ի՞նչ կարծիք ունենք Հայոց ցեղասպանության զոհերին սրբադասելու որոշման մասին:

-Անշուշտ, սրբադասման այս գործընթացի հարցը նոր չէ, արդեն 8-9 տարի հանձնախմբի կողմից քննարկված հարց է, քննարկումների, մտորումների հարց է: Եվ այդ բոլոր քննություններից ծնված որոշում է: Եվ ես ուրախ եմ, որ կրկին կյանքի կոչվեց հայ եկեղեցու սրբազան ավանդույթներից մեկը՝ սրբադասումը եկեղեցում: Եվ դրա հետ մեկտեղ ես կարծում եմ, որ մեր նահատակներին բավարարում են այն բոլոր նախադրյալները, որոնցով Քրիստոսի եկեղեցին կարող է իր զավակներին հռչակել սրբեր: Եվ դա այն իմաստով, որ նրանք կյանքի ինչ ընթացք էլ ունեցած լինեն, Ցեղասպանության ժամանակ հաճախ կամա թե ակամա նախընտրել են Քրիստոսի հավատքին մնալու և այդ հավատքով մարտիրոսանալու, վկայելու և նահատակվելու: Անշուշտ, այս միջոցով կգա նաև նահատակների կանչը, որ այսօր նրանք կդառնան խաղաղության առաքյալները, նաև ազդարարողները համայն աշխարհին, որ պետք է այսպիսի բան երբեք չկրկնվի: Ուրեմն նաև նրանք կդառնան խաղաղության առաքյալները:

-Սիրիահայության մեծամասնությունը Ցեղասպանության վերապողների սերունդներ են, ինչպե՞ս են վերաբերում սրբադասման որոշմանը:

-Վերջնական որոշումը նոր է, բայց բոլորն էլ գիտեին, որ նման գաղափար կա, որը պատրաստվում են կյանքի կոչել: Սիրիայում ապրող մեր ժողովուրդը հիմնականում Ցեղասպանության վերապրողների 3-րդ կամ 4-րդ սերունդներն են, և, անշուշտ, Ցեղասպանության նահատակների սրբադասումով նոր հոգևոր և բարձր մակարդակ կդրվի այդ զոհերի հանդեպ մեր մոտեցումներում, որոնք մեր անմիջական մեծ հայրերը և մեծ մայրերն են: Եվ նահատակների զավակների այդ հավատքի պաշտպան լինելը և այդ սրբացած նահատակների զավակները լինելը ինքնին պատիվ, պատասխանատվություն և պարտականություն կդնի նրանց վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել