Tert.am-ը գրում է․

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ է սկսել՝ «ԵԱՀԿ, տե՛ր կանգնիր մանդատիդ, վերադարձրե՛ք մեր սպանված 3 օդաչուներին» պաստառով: Tert.am-ին նա ասաց, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ ադեկվատ պահվածքի հետևանքով է, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 տղաները դեռևս գտնվում են ուղղաթիռի անկման վայրում:

«Արդեն օրեր են անցել, որևէ լուրջ գործողություն չեն իրականացրել, և տղաները մնում են այնտեղ ընկած: ԵԱՀԿ-ն պետք է արագ կապվի երկու երկրների իշխանությունների հետ, արագ միջոցներ կիրառեն, որ Կամիր խաչը կամ մեր զինվորները մոտենան և տղաներին դուրս բերեն: Բայց ԵԱՀԿ ներկայացուցիչները միայն անադեկվատ հայտարարություններ են անում ու զրույցներ ունենում պաշտոնյաների հետ: Որևէ լուրջ քայլեր չենք տեսնում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ենթադրվում է, որ ուղղաթիռի անձնակազմը զոհվել է:

Հարցին, թե ըստ նրա՝ որն է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, արդյո՞ք որևէ միտում տեսնում է սրանում, Երևանի ավագանու անդամը պատասխանեց. «Երևի իրավիճակը լավ չեն պատկերացնում, եթե պատկերացնեին, կհասկանային, որ իրենց քայլերի ուշացումը կարող է հանգեցնել լուրջ պատերազմի ու իրենք ձախողված մանդատներով Հայաստանից պետք է թողնեին՝ գնային: Այդ ժամանակ գոնե Հայաստանն իր գործը կանի: Այդ ժամանակ մենք մեր գործը կանենք շատ հստակ ու դիպուկ, բայց, իհարկե, մեզնից որևէ մեկը չի ուզում, որ պատերազմ սկսվի»։

Դավիթ Սանասարյանը բացառեց նաև, որ Ադրբեջանը որևէ կերպ ճնշում գործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա. «Պարզապես նրանց ձեռքը հեռու է զարկերակից, որ գան, այստեղ սահմանին մի քիչ երկար մնան, կհասկանան, որ իրենք շատ հարցերում ձախողվում են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել