Բաքվում սկսել են լրջորեն մտածել հավանական պատերազմի դեպքում տնտեսական վնասների մասին: Լուրջ մտավախություն կա, որ արտասահմանյան ներդրողների թիվը կարող է կրճատվել, մանավանդ նոյեմբերի 12-ի միջադեպից հետո: Այժմ Ադրբեջանում փորձում են համոզել ներդրողներին, որ նավթագազային ենթակառուցվածքները հուսալիորեն պաշտպանված են, նույնիսկ պատերազմի դեպքում: Հարևան երկրում բավական հայտնի տնտեսագետ Իլհամ Շաբանը նշել է, որ վերջին իրադարձությունները ներդրողների թվի վրա լուրջ ազդեցություն չեն թողնի, քանի որ ներդրումների մեծ մասը բաժին է ընկնում նավթագազային սեկտորին, իսկ Ադրբեջանը պատասխանատու է ենթակառուցվածքների անխափան գործունեության համար: «Եթե անգամ պատերազմ սկսվի, չի կարելի պնդել, որ նավթամուղերն ու գազատար խողովակները կվնասվեն: Եթե դրանք անխափան գործեն, ինչը կարող է վախեցնել արտասահմանյան ներդրողներին: Չէ՞ որ նրանք, ասենք, Տերտերի շրջանում չեն զբաղվում գեոլոգիական հետազոտման աշխատանքներով», - ասել է Շաբանը: 
Ինչ խոսք, ճանաչված տնտեսագետի այս պնդումները լուրջ կասկածի տեղիք են տալիս նույնիսկ տնտեսագիտությունից անտեղյակ մարդկանց մոտ: Չէ՞ որ պատերազմի դեպքում կողմերը կրում են նաև լուրջ տնտեսական վնասներ, իսկ արտասահմանյան ներդրողները միշտ փնտրում են համեմատաբար կայուն շրջաններ իրենց փողերը ներդնելու համար: Բացի դրանից, կասկածելի են այն պնդումները, որ ենթակառուցվածքներին վտանգ չի սպառնում: Ամեն դեպքում Բաքվում սկսել են հասկանալ, որ պատերազմ հրահրելու դեպքում տնտեսական լուրջ հարված կարող են ստանալ, քանի որ վստահաբար ներդրողների մեծ մասը կլքի Ադրբեջանը: Իսկ նմանատիպ, պրոֆեսիոնալիզմից հեռու պնդումները բնավ չեն կարող համոզել ներքին և արտաքին լսարաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել