Առավոտից թացը փարվել էր պատուհանիս: 
Կաթեց-կաթկթեց, հետո մանրացավ, մաղվեց, դարձավ մառախուղ: Լույսի փոխարեն մշուշված մի ամպ էր ներս սողացել սենյակս, պարուրել ինձ, ծանրացել սրտիս ու ճնշում էր: Մշուշի բեռան տակ սիրտս ջանք էր գործադրում տրոփելու, չէի հասկանում անգամ, թե որտեղից է պեղում, մի՞թե այս թուլացած մարմնիս մեջ դեռ շարժվելու ուժ կա: Պարզվում է` կար: Երբ եկավ երեկոն, երբ մառախուղը փողոցի լապտերներից ներկվեց ու դարձավ նարնջաթույր` նայում էի պատուհանից և վախենում, որ այսօր քայլ անգամ չեմ կարողանա անել, որ շնչահեղձ մի տեղ կընկնեմ: Նայեցի, մտածեցի ու... Որոշեցի, որ գոնե դրսում, մաքուր օդին կլինեմ, գոնե վերջին հայացքս երկնքին, չերևացող աստղերին ուղղված կլինի, ոչ թե սառը, ճերմակ առաստաղին։ Հևալով հագնվեցի, դուրս եկա, դանդաղ քայլում էի: Ականջակալներումս Ֆրեդին իր ձայնի ամբողջ զորությամբ գոչում էր, որ շոուն շարունակվում է: Լսում էի, քայլում, խաղաղեցնում շունչս: Հևոցս աստիճանաբար հանդարտվեց, անցավ, սրտիս վրայի կշռաքարերն ավազի պես փշրված սորացին, կորան, ցուրտը գրկեց ինձ ու քիթս կսկծացնելով, մատներս ծակծկելով ստիպեց, որ կամաց-կամաց արագացնեմ քայլերս: Մի կերպ անցա առաջին շրջանը, երկրորդը... Մեկ էլ զգացի, որ ժպտում եմ երգի բառերին, նայում եմ մշուշի միջից լույսերով ինձ նայող եկեղեցուն, թաց տերևները գրկած նստարաններին, մրսած, մատները գրպաններում պահած, արագ դեպի տուն քայլող հատուկենտ անցորդներին, խենթ սիրահարներին, ում համար եղանակ գոյություն չուներ, ովքեր միայն իրար էին տեսնում այս աշխարհում: Երրորդ շրջանը, չորրորդը... Զգում եմ, թե ինչպես են զսպանակվում ոտքերիս մկանները, շունչս համաչափ է, այտերս այրվում են սառն օդի համբույրից: Վայելում եմ ասֆալտի վրա գոյացած ամեն մի ջրափոսը, նրանում արտացոլվող լապտերի լույսի առկայծումները, դեռ ծառին կառչած թաց տերևների փայլն ու երանգները: Նայում եմ շենքերին: Այ, այստեղ ապրում է այն տղան, ում մի ժամանակ սիրում էի, իսկ սա իմ տունն է: Մեկ-երկու, մեկ-երկու... Հրաշք է, այն, որ ես կամ, որ կա երկիրը, որ կա այս ծառուղին, այս ցայտաղբյուրը, այս մարդը, որ արագ-արագ ծխելով, մտահոգ գնում է ինչ-որ տեղ: 
Եթե վախենայի մառախուղից ու սրտիս բեռից` այս ամենը չէի տեսնի: Անցնում էի արդեն հինգերորդ շրջանն ու մտածում, որ կյանքն այս բոլոր հրաշքները նկատելն ու գնահատելն է: Մեռնելը երբ էլ լինի` կհասցնենք: Ապրելու ձևն է պետք սովորել, ոչ թե ամբողջ կյանքում մեռնելու նախապատրաստական փորձերն անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել