Tert.am-ը գրում է․

Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Tert.am-ին տված հարցազրույցում ասաց, որ Հայաստանի ու Վրաստանի արտաքին կողմնորոշումների տարբերությունը բացարձակ որևէ ազդեցություն չի ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա։ «Մենք Վրաստանում այդ տարբերությունն այսօր չենք զգում, վաղն էլ չենք զգալու, որովհետև որքան Վրաստանն է Հայաստանին պետք, այնքան էլ Հայաստանն է Վրաստանին պետք»,-ասաց նա։ Սրբազանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցին:

-Սրբազա՛ն, փաստորեն Վրաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումները տարբերվում են. Վրաստանը որոշել է ԵՄ-ին անդամակցել, Հայաստանը՝ ԵՏՄ-ին: Ի՞նչ ազդեցություն կունենա դա հայ-վրացական հարաբերությունների վրա:

-Բացարձակ որևէ ազդեցություն չի ունենա: Մենք Վրաստանում այդ տարբերությունն այսօր չենք զգում, վաղն էլ չենք զգալու, որովհետև որքան Վրաստանն է Հայաստանին պետք, այնքան էլ Հայաստանն է Վրաստանին պետք: Եվ երկուսն էլ հասկանում են, ես դա տեսնում եմ թե՛ միջպետական հարաբերություններում, թե՛ ժողովրդի մոտ:

-Սրբազա՛ն, Վրաստանում պետական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների փոփոխություններ են լինում։ Դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ վիրահայերի և նրանց խնդիրների վրա:


-Յուրաքանչյուր երկրում իշխանությունը երբ գալիս է, առաջին հերթին տվյալ պետության համար է լինում, և չմոռանանք, որ ցանկացած երկրում, բացի հայերից ապրում են այլազգիներ և այլակրոններ: Եվ Վրաստանում ինչպիսի փոփոխություն էլ լինի, նրանք օր օրի գնում են դեպի կրոնական և ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը, ինչպես այսօր է: 2012թ.-ին ձևավորված վերջին իշխանություններն արդեն ստեղծում են պետական կառույցներ, որոնք արդեն սկսում են լուծել կրոնական ու ազգային փոքրամասնությունների խնդիրները: Կարող է դանդաղ, բայց ընթացքի մեջ են: Նրանց դրական տրամադրվածությունը բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ է, որովհետև դրան ուշադիր հետևում են նաև եվրոպական կառույցները, ՄԱԿ-ը, քանի որ երկրի ներսում չլուծված բազմաթիվ խնդիրներ կան: Վրաց եկեղեցուն խորհրդային տարիներին բռնագրաված ամեն ինչ վերադարձվել է, հատուկ ուշադրություն կա, իսկ մնացած կրոնական կառույցների մասով առայժմ ամեն ինչ խոստումների մեջ է, բայց հույս կա, որ մի բան կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել