Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում մեծ շուքով նշվեց Համո Սահյանի հարյուրամյակին նվիրված ցերեկույթ: «Միևնույնն է, կգամ...» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էր նաև Համո Սահյանի քույրը՝ Ելենան, ով միջոցառման ընթացքում մի շարք կարևոր և ուշագրավ պատմություններ պատմեց Սահյանի անձնական ու ստեղծագործական կյանքի մասին: Պատմություններն այնքան հետաքրքիր և հուզումնալից էին, որ հանդիսատեսը քար լռությամբ և համակ ուշադրությամբ ունկնդրում և ակնդրում էր մեծ պոետի քրոջը: Հետաքրքիր, խորհրդանշական ու դաստիարակիչ էր հատկապես հետևյալ պատմությունը. «Մի անգամ Համոն եկավ տուն ու ասաց, որ թաշկինակը լվանանք, մենք զարմացանք՝ մի՞թե Համոն տնից դուրս գալիս մաքուր թաշկինակ չի վերցրել, Համոն պատասխանեց՝ ճանապարհին մի երեխա պատահեց գրկեցի, քիթը կեղտոտ էր, մաքրեցի: Մայրս հանդիմանեց Համոյին, Համոն էլ պատասխանեց՝ ոչինչ, տարիներ հետո այդ երեխան կմեծանա և կհպարտանա՝ ասելով, որ Համո Սահյանը գրկել է իրեն և քիթը մաքրել»- պատմեց տիկին Ելենան: Միջոցառման կազմակերպիչներն անակնկալ նվերով ճանապարհեցին տիկին Ելենային: Իր ողջույնի ասմունքով մեզ մոտ հյուր էր նաև Վանաձորի «Վրույր Հարությունյանի ասմունքի և թատերական ստուդիայի» սան Անուշ Ղևոնդյանը, ով իր բանաստեղծությամբ մթնոլորտը դարձրեց էլ ավելի սահյանական: Միջոցառման կազմակերպիչը՝ գրականության ուսուցչուհի Հրանուշ Ղևոնդյանը, իր մասնագիտական հմտությունների և ջանասեր աշակերտների շնորհիվ կարողացավ այն աստիճան դիպուկ ու խորհրդանշական դարձնել ցերեկույթը, որ ներկաները դժվարանում էին բառեր գտնել իրենց տպավորություններով կիսվելու և շնորհակալություն հայտնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել