Սա իրական պատմություն է, պատմություն, որ ես որոշել էի հրապարակել միայն իմ մահվանից հետո: Իհարկե, գրված է գեղարվեստական ոճով, ինչքան որ ես կարող եմ, քանզի գրող չեմ, բայց, միևնույնն է, ամեն ինչ շարադրված է բացառապես եղած դեպքերից:

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. Ամերիկա-Ամերիկա

Ես չսիրեցի այդ երկիրը՝ նրա վրա ոտք դնելու առաջին իսկ վայրկյանից: Տղերքը՝ եղբորս ընկերները, երևի ինձ զարմացնելու համար լիմուզին էին վարձել: 1991 թվականն էր, և Երևանում միայն կինոի էկրանների վրա էինք տեսել նման շքեղ ու զարմանալիորեն երկար մեքենաներ: Առաջին հայացքից ինձ նույնիսկ ծիծաղելի թվաց, կարծես կախարդական ուժով սովորական մեքենան երկու կողմից բռնած ու ձգած լինեին:
Լոս Անջելեսի օդանավակայանից մինչև եղբորս տուն մոտ մեկ ժամվա ճանապարհ էր, որ անցնում էր Դաուն Թաուն-ի քաղաքի երկնաքեր շենքերով լի հատվածի միջով, և տղերքը զարմանում էին, թե ինչու եմ ես տխուր ու նույնիսկ ուշադրություն չեմ դարձնում այդ ամպերին հասնող շինություններին: Չգիտեմ կա արդյոք կանխազգացում կոչեցյալը ու ես միգուցե հենց ենթագիտակցորեն զգում էի, որ տարիներ հետո այդ մռայլ շենքերից մեկում բանտարկված իմ մենախցի նեղ ու ճաղապատ պատուհանից հենց այդ նույն տեսարանին եմ նայելու: Տեսարանը, որ երեք երկար ու ձիգ տարիներ լինելու էր իմ միակ կապը արտաքին աշխարհի հետ տեսարան որին նայելիս կհասկանամ, որ իմ մենախցի մռայլ մոխրագույն մետաղյա պատերով չի սահմանափակված երկիրը և որ կա արև, երկինք, շարժվող առարկաներ, մարդիկ, մի խոսքով կյանք...
Ես, իհարկե, չէի կարող այդ ամենն իմանալ և վերագրեցի իմ տխրությունը Երևանի հանդեպ իմ տածած կարոտին, ինչը տղերքի մոտ ծիծաղ առաջացրեց: Ես, իրոք, կարոտեցի իմ Երևանին՝ իմ հարազատ քաղաքին, իմ տանը: Դեռ մի քանի ժամը չլրացած՝ ես արդեն զգացի տեղի միջավայրին, օրենքներին և մարդկանց չհարմարվելու իմ «թերությունը»: Մի կուշտ ուտել-խմելուց, բարի գալուստ «մեր Ամերիկա» կենացներից հետո դուրս եկանք փողոց ծխելու, որ եղբորս նորածնի սենյակային օդը չթունավորենք: Ես ՀԾ սիգարետի տուփը հանեցի գրպանիցս և առաջարկեցի տղերքին, ովքեր, իհարկե, ժպտալով իրար նայեցին և առաջարկեցին «կարգին սիգարետ» ծխել՝ պարզելով ինձ Մարլբորոների տարբեր երանգի և երկարության տուփերը: Ես համեստորեն հրաժարվեցի այդ «կոնֆետի հոտ ունեցող առանց իսկական նիկոտինի» սիգարետներից, որ մեր «Փուռթուլի Բուտկում» վաղուց էր վաճառվում և կպցրեցի իմ ՀԾ-ն: Տղերքի թերահավատ հայացքների տակ պատմում էի, թե ինչ լավ է լինելու մեր մոտ՝ Երևանում, երբ ուշադրությունս գրավեցին մայթով մեր ուղղությամբ քայլող երկու ծիծաղաշարժ կերպար: Երիտասարդ տղաներ էին՝ սափրագլուխ, կարճահասակ, պարանոցներին և դեմքներին դաջված թվեր և նկարներ: Ամենածիծաղելին նրանց հագուստն էր, որ առնվազն մի տաս համար մեծ էր իրենց վրա: Ես ակամայից դադարեցրի Երևանի գովքս և զարմացած նրանց էի նայում: Այդ երկու «ծաղրածուն», նկատելով մեզ ձեռքները, Հիտլերի պես պարզելով մատներով ինչ-որ տարօրինակ նշան արեցին, իսկ նրանցից մեկը շատ ոգևորված ու բարձրաձայն կանչեց. 
-Hey whats up mother fuckin Armenians.
Ես, իհարկե, անգլերենի մասնագետ չէի, բայց միջնակարգ կրթությունն էլ եթե նույնիսկ չունենայի, ապա դիտածս կինոնկարներն էլ բավական էին, որ հասկանայի գոնե վերջին երեք բառը: Ժպիտը դեմքներին՝ պատրաստվում էին կողքներովս անցնել, երբ Հայերի մորը հիշատակող հերոսը «հանդիպեց» իմ՝ մեզ հայհոյողների հանդեպ դարերով վրեժը պահած բռունցքին: Երիտասարդը, որ ի զարմանս ինձ, երևի չէր սպասում նման «հանդիպման», ուշակորույս տապալվեց գետնին: Նրա՝ ոչ պակաս անակնկալի եկած ընկերը չոքած մերթ ընդ մերթ «Why, man? Why?» գոչելով՝ մեր տղերքից երկուսի հետ միասին փորձում էին ուշքի բերել ընկածին, իսկ մնացած տղերքն ինձ համոզում էին տուն գնալ:
-Է ժամանակին վայ մամ վայ կանչեիր, հիմա էդ օրը չէիր ընկնի,- Տղերքի հրհրոցին ընդդիմանալով՝  պառկածի կողմը գոռում էի ես: -Հիմա ոնց ա հը՞, ում մերը ասեցի՞ր...-
-Այ տղա, հո դու վայրենի չե՞ս, էդ խեղճ չոլոները քեզ բարևում են, դու տալիս շան սատակ ես անում...- Ավելի ուշ բարկանում էր եղբայրս: 
-Ես խուլ չեմ, ես լսեցի նա ինչ ասաց,- վիճում էի ես:
-Դա նրանց բարևելու ձևն է, հիմա վերջ թշնամացան, գանգստերներ են, հաստատ էդ մեկը կուլ չեն տա,- բացատրում էր եղբոյրս «գանգստերագետ» ընկեր Ռուբիկը:
-Եթե նրանց բարևը դիմացինի մորը հայհոյելն է, ապա թշնամի էլ հենց կան, ինձ նման բարեկամ պետք չի,- խոսքս ավարտեցի ես...
Այդպես էլ եղավ, կուլ չտվեցին, մի քանի օր չանցած, օրը ցերեկով եղբորս տան դիմաց կանգնած էինք Ռուբիկի հետ երբ անկյունից մոտեցող սպիտակ միկրոավտոբուսը հանկարծակի թափ հավաքեց սլանալով մեր կողմ: Ռուբիկը իրեն չկորցնելով իսկ և իսկ կինոյի հերոսների նման նետվելով վրաս ինձ տապալեց գետնին մեր դիմաց կայանած եղբորս մեքենայի հետևը: Լսվեց ավտոմատի կարճ կրակահերթ և արագ հեռացող մեքենայի անիվների ճռռոց: Չգիտեմ դատարկ փամփուշտներ էին օգտագործել, թե օդ էին կրակել, բայց ոչ մի վնասվածք ոչ շրջապատին և ոչ էլ մեզ չհայտնաբերվեց: Դե իհարկե մի քանի օրվա մեջ տղերքը ստիպված եղան գտնել տվյալ գենգի (հանցագործ խմբավորման) պարագլուխներին և բացատրություն տալ իրենց, «երկրից» նոր եկած եղբոր միամիտ, չկանխամտածված արարքի համար: Միջադեպը հարթվեց առանց ավելորդ զոհերի... 
Հետագա հինգ ամիսը, որ մորս խնդրանքով մնացինք ԱՄն-ում եղբորս նորածին որդուն գոնե մինչև վեց ամսեկանը խնամելու, անցան առանց ավելորդ միջադեպերի` բացառությամբ երկու ավելի շատ զվարճալի դեպքերի: Առաջինը տեղի ունեցավ Լա Կրասենտա քաղաքի ահռելի մեծ բոլինգի, բիլիարդի և այլ խաղերի մարզասրահում: Ես կրկին Ռուբիկի հետ, ով մեջների պարապն էր, բիլլիարդ էի խաղում: Չգիտեմ ազգիս պատիվը բարձր պահելու, թե իրոք նորին չհարմարվելու պատճառով, ես դեռ իմ հետ բերած ՀԾ-ն էի ծխում: Ինչ որ ավելորդ աժիոտաժ սկսվեց ու նկատեցինք, որ երկու համաղգեստավոր ոստիկան հերթով մոտենալով բոլոր բիլիարդի սեղաններին կարճատև զրույցից հետո խաղացողներին խուզարկում են: Չնայած ընհանուր դժգոհությանը, ոչ մի ագրեսիվ բան նրանց միջև չէր նկատվում և ակնհայտ էր, որ խուզարկությունները առայժմ կատարվում էին ընդհանուր համաձայնության գալուց հետո:
-Գիտես ինչ են փնտրում,- դիմեց ինձ Ռուբիկը։
-Զենք-մենք երևի, ես շատ գիտեմ...
-Չէ, քեզ ու քո «Սալյութ»-ն են ման գալիս,- բացատրեց Ռուբոն։
-Սալյութ չի, ՀԾ է, համ էլ էդ ոնց իմացան՝ ես ինչ եմ ծխում կամ թե իրենց ինչ...
-Հենց բանն էլ նրանում է, որ չգիտեն, քո էդ սիգարետից նենց ահավոր հոտ է գալիս, որ կարծում են, թե մարիխուաննայի նոր տեսակ է ինչ որ մեկը ծխում: Լսիր, եթե մենք հիմա ինքներս չմոտենանք նրանց, երբ բռնեցին շատ երկար ու տհաճ պրոցեսի միջով պետք է անցնենք մինչև կապացուցենք, որ «պլան» չի գրպանինդ:
Այդպես էլ վարվեցինք, մոտեցանք ոստիկաններին և Ռուբիկը պարզելուց հետո, որ նրանք իրոք մարիխուաննա են փնտրում բացատրեց իրողությունն ու ցույց տվեց սիգարետի տուփը:
Սկզբում նրանք կասկածանքով վերաբերվեցին ամեն ինչին, բայց միգուցե, տեսնելով իմ «Սիցիլիայի գյուղերից նոր եկածի» դժգոհ ու զարմացած դեմքը պահանջեցին ցույց տալ տուփը: Մեկ սիգարետ վառելուց և հոտ քաշելուց հետո զզվանքից ծռմռված դեմքով խնդրեցին ներսում այլևս չծխել այն և օրինակի համար երկու սիգարետ վերցնելով հեռացան:
Երկրորդ զվարճալի պատմությունը կրկին ՀԾ-ի պատճառով էր: Սանտա Մոնիկա քաղաքի ծովափնյա պուրակում երեկոյան զբոսնելիս մեզ մոտեցավ մի անտուն սևամորթ և սիգարետ խնդրեց: Ես առանց երկար բարակ մտածելու գրպանիցս մի ՀԾ տվեցի նրան և շարժվեցինք առաջ: Ընդամենը մի քանի քայլ էինք հեռացել երբ վազելով մեզ մոտեցավ նույն սևամորթը: Նրա աչքերը ուրախությունից փայլում էին: Նա ասաց, որ վերադարձել է կրկին և այս անգամ արդեն իր խորին շնորհակալությունը հայտնելու իրեն անվճար «joint» (պլան) նվիրելու համար: Մենք, իհարկե, ծիծաղեցինք և որոշեցինք «կայֆալոմ» չանել խեղճին՝ նվիրելով նրան ևս երկու սիգարետ: Տեսնելով, որ սիգարետը հանում եմ տուփի միջից նրա աչքերը էլ ավելի փայլեցին: Նա զարմացավ թե այդ երբվանից է մարիխուանան արդեն տուփով վաճառվում, անիծեց ինքն իրեն նրա վաճառքի օրինականացման լուրին անտեղյակ լինելու համար և շնորհակալություն հայտնեց աստծուն, որ ինքը ապրեց այսքան ու ականատես եղավ իր փափագած օրվան և վաղուց անարդարացիորեն ուշացած օրենքի հաստատմանը: Սևամորթը ցանկացավ տեսնել և իմանալ տուփի անունը: Բարեբախտաբար, ՀԾ-ի տուփի մի կողմում ռուսերեն հապավումն էր գրված, որը նույն լատիներենի AT տառերն են, և երջանկությունից «վիվա եյթի, վիվա եյթի» բացականչելով՝ հեռացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել