Tert.am-ը գրում է․

Պորտուգալիա-Հայաստան, 4 խաղ, +2=2-0, գնդակները՝ 5:2
Ֆարու, «Ալգարվե» մարզադաշտ, ժամը՝ 23:45
«Եվրո-2016», ընտրական փուլ
Ուղիղ եթեր՝ Առաջին ալիք
Մրցավար՝ 
Անաստասիոս Սիդիրոպուլոս (Հունաստան)
Բուքմեյքերներ՝ 1.20 - 7.50 - 17.00

2014թ. վերջին պաշտոնական խաղը Հայաստանն անցկացնում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 9-րդ տեղում գտնվող Պորտուգալիայի հարկի տակ: Այսօր, հայ ֆուտբոլիստները ելույթ կունենան Ֆարու քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում՝ փորձելով տոնել ընտրական փուլի առաջին հաղթանակը:

Լարված պայքար ընտրական փուլում
Այն, որ «Եվրո-2016»-ի ընտրական I խմբում անհաշտ պայքար է ընթանալու, պարզ էր դեռեւս վիճակահանությունից հետո: Ընտրական փուլի խաղային 3 տուրերից հետո այդ վարկածը հաստատվեց եւ նույնիսկ գերազանցեց սպասելիքները: Խմբում ընդգրկված բոլոր 5 հավաքականներն էլ հաջորդ փուլ դուրս գալու իրական հնարավորություններ են պայքարում, իսկ մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորվածությունը շատ խիտ է: Իրավիճակն ավելի սրեց Ալբանիայի եւ Սերբիայի հավաքականների նկատմամբ կիրառված պատժամիջոցները, ինչի արդյունքում երկու թիմերն էլ զրկվեցին միավորներից:

Այս պահին վերջին տեղում է ընթանում Հայաստանը, սակայն բավական է մեկ հաղթանակ եւ իրավիճակը կտրուկ կփոխվի:

Կադրային խնդիրներ
Եթե հոկտեմբերին Հայաստանի հավաքականը կարդային սարսափելի խնդիրներով հանդես եկավ Սերբիայի եւ Ֆրանսիայի դեմ խաղերում, ապա այժմ իրավիճակը փոխվել է: Շարք են վերադարձել Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը, Հրայր Մկոյանը: Կրկին բացակայելու է Արաս Օզբիլիսը: Երեկվա մարզմանը ոտքին ուժեղ հարված ստացավ Մկոյանը եւ լքեց ասպարեզը, սակայն չի բացառվում, որ նա ընդգրկվի մեկնարկային կազմում:

Պորտուգալիայի կազմում վնասվածք ունի Ֆաբիու Կոենտրաուն:

Նորամուծություններ Շալանդից
Նախախաղային մարզումից կարելի է ենթադրել, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն որոշակի անակնկալներ է պատրաստել Պորտուգալիայի համար:

Մասնավորապես, Մարկոս Պիզելին կարող է հայտնվել կիսապաշտպանության աջ եզրում: Մխիթարյանը կլինի ենթահարձակվողի դիրքւոմ եւ ժամանակ առ ժամանակ Մարկոսի հետ կփոխվի դիրքերով…

Միակ «մաքուր» հարձակվողը բնականաբար լինելու է Յուրա Մովսիսյանը, իսկ կիսապաշտպանության ձախ եզրում խաղալու է Գեւորգ Ղազարյանը:

Ինչ վերաբերվում է պաշտպանությանը, ապա եզրերում կրկին կտեսնենք Լեւոն Հայրապետյանին եւ Կամո Հովհաննիսյանին, իսկ կենտրոնում ելույթ կունենան Ռոբերտ Արզումանյանը, Վարազատ Հարոյանը, ինչպես նաեւ Հրայր Մկոյանը, եթե բժիշկները թույլ տան նրան դուրս գալ խաղադաշտ: Հենակետայինի դիրքում հանդես է գալու Արթուր Եդիգարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել