Hayeli.am-ը գրում է․

1994 թվականի զինադադարի կնքումից հետո երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում տեղի ունեցածը աննախադեպ փաստ է: Ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը: Ուղղաթիռը ոչ մի մարտական գործողություն չի իրականացրել: Նոյեմբերի 6-ից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը անցկացնում են «Միասնություն 2014» անվամբ լայնածավալ զորավարժություններ: ԼՂ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է, դեռ ավելին` ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հայկական ուղղաթիռը խփվել է պատասխան կրակով, երբ գրոհում էր ադրբեջանական բանակի դիրքերը: Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ հայկական Զինված ուժերի կողմից անցկացվող վերջին զորավարժությունների ժամանակ «թշնամու ռազմական օդուժը երեք օր է՝ սադրիչ թռիչքներ է իրականացնում ճակատամերձ գոտում», իսկ երեկ փորձել է գնդակոծել ադրբեջանական դիրքերը: Ըստ ադրբեջանական կողմի՝ Մի-24-ը մարտական թռիչք է իրականացրել Աղդամի շրջանի Կենգերլի գյուղից 1700 մետր հյուսիս-արեւելք, գրոհել ադրբեջանական դիրքերը, որտեղից բացված կրակն այն խոցել է: Ուղղաթիռի բեկորները վայր են ընկել առաջնագծից 500 մետր հեռավորության վրա: Հայկական կողմը երեք զոհ է ունեցել: ՊՆ մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տվյալների՝ խփված ուղղաթիռի անձնակազմի մյուս երկու անդամներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։ Կատարվածը ցույց է տալիս, թե ինչպիսին է Ալիեւի պատկերացրած իրական Ադրբեջանը: Հայկական կողմը երեկվանից հասկացրեց, որ աննախադեպ լարման հետեւանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն եւ կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ պարզաբանել է. «Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաեւ իրավիճակի լարման: Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ եւ իրենց պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաեւ թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան»: «Ասպարեզի»  հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու հայկական կողմի պատասխանն ադրբեջանցիներին, նշել է.«Պատասխանը միասին կիմանանք, ասելու բան չէ»: «Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ եւ հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը», – պնդում է պաշտոնական Երեւանը` հավելելով, – «Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»։ Կատարվածը որակելով «հանցավոր սադրանք»՝ Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծեց․ «Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլեւ գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»: Ուղղաթիռը կործանած զինծառայողին շքանշանով պարգեւատրած պաշտոնական Բաքուն, մինչդեռ, տեղի ունեցածում մեղադրել է Երեւանին: Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե Հայաստանի ուղղաթիռները ներխուժել են Ադրբեջանի օդային տարածք: Ադրբեջանը նաեւ հայտարարել է, թե ոչ թռիչքային գոտի է հայտարարել «օկուպացված տարածքների օդային տարածությունը եւ ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»: Այսօր ԼՂ Պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին: Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել