Hayeli.am-ը գրում է.

Արցախի արևելյան հատվածում, որտեղ նախօրեին Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել հայկական ռազմական ուղղաթիռի խոցումը, մինչև «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների սկսվելը հակառակորդը պահակակետեր չի ունեցել: Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում նշեց արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: «Երբ մերոնք զորավարժությունները սկսեցին, Ադրբեջանն այնտեղ պահակակետեր դրեց ու սկսեց հետևել մերոնց: Իրենք զինվորական տեսանկյունից շատ ստոր արարք թույլ տվեցին՝ խփելով մեր ուղղաթիռին: Իրենց տարածած հայտարարությունը, թե հայկական ուղղաթիռները զինված են եղել և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ստոր հերյուրանք է, խաբեություն: Նման բան չի եղել, իրենք շատ լավ իմացել են, որ ուղաթիռները զինված չեն: Շփման գիծն այդ հատվածում ընդամենը 200-300 մետր է, և ուղղաթիռն ընկել է հենց այդ հատվածում: Եթե ուղղաթիռը զինված է լինում, դա ներքևից շատ պարզ երևում է, ադրբեջանական զինվորակները չէին կարող չտեսնել, որ մեր ուղղաթիռները զինված չեն: Այնտեղ երկու ուղղաթիռ է եղել, դա հենց իրենց տարածած տեսանյութից է երևում: Եթե մեր ուղղաթիռները զինված լինեին, բնականաբար, երբ առաջին ողղաթիռին խոցեցին, երկրորդը անպայման պատասխան հարված կտար, բայց նման բան տեղի չի ունեցել, որովհետև մեր ուղղաթիռները զինված չէին, դա ընդամենը ուսումնավարժական թռիչք էր: Ադրբեջանը, իմանալով հանդերձ, որ ուղղաթիռները զինված չեն, ստորաբար խփել է»,- մեզ հետ զրույցում նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Հրամանատարի խոսքով՝ պատասխան հարված հայկական կողմից անպայման պետք է լինի. «Մեր պատասխանը պետք է լինի այնպես, ինչպես իրենցը, դա իմ կարծիքն է»,- նշեց Կոմանդոսը` հավելելով, թե կատարվածն ամենևին չի նշանակում, թե գործողությունները պետք է այնքան զարգացնել, որ բանը հասնի պատերազմի վերսկսման: «Աստված չանի, որ նման բան լինի, պատերազմը դա ահավոր բան է, մենք պետք է անենք ամեն ինչ՝ պատերազմ թույլ չտալու համար, բայց նաև չպատասխանել չենք կարող: Իհարկե, պարտավոր ենք անպայման պատասխանել: Ընդհանրապես, իմ անձնական կարծիքով, մենք շատ քիչ են պատասխանում ադրբեջանցիներին, կարելի ասել` համարյա չենք պատասխանում: Նույնը եղավ նաև օգոստոսյան դեպքերի ժամանակ, մենք սպասում ենք այնքան, որ իրենք առաջինը կրակեն մեր զինվորի վրա, հետո մենք պատասխան տանք, իրենք խփեն մենք ետ մղենք: Երբ իրենք մեզ հետ այդպես են վարվում, ես գտնում եմ, որ մենք էլ պիտի նույնը անենք և ոչ թե ամեն անգամ մտածենք, թե իրավունք չունենք, միջազգային այսինչ կամ այնինչ նորմերով առաջնորդվենք: Օգոստոսյան դեպքերի ժամանակ էլ նույնն էի ասում: Ես գտնում եմ, որ չի կարելի առաջնորդվել այն սկզբունքով, որ մենք 14 ադրբեջանցի զինվորի ենք խփել, իրենք ընդամենը մերոնցից 4-ի: Ինձ համար դա անընդունելի տրամաբանություն է: Պատկերացրեք, երբ մենք մեր 4 զինվորի դիմաց խփեցինք իրենց 14-ին, փորձեք պատկերացնել, թե քանի մարդ է պետք, որ գան այդ 14 դիակներին քարշ տան տանեն. մենք ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ իրենք իրենց դիակները տանեն, պետք է կրակել և թույլ չտալ, այնպես, ինչպես իրենք են անում: Այդ դեպքում վստահաբար, իրենց զոհերը ոչ թե 14-ը կլինեին, այլ 30-40-ը: Նման դեպքերում մենք շատ արագ հակահարված պետք է տանք՝ առանց հապաղեղու և սպասելու»,- նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել