Ես գրել էի, որ ադրբեջանական տիպի համակարգերն ինքնապահպանման համար երբեմն մտնում են «ակտիվացման» փուլ: Դա ռազմական ու այլ բնույթի ագրեսիան է, որը երբեմն լինում է ավելցուկային ու ինքնակործան: Ահա և ուղղաթիռի խոցումն այդ «ակտիվության» ավելցուկի դրսևորում էր: Ագրեսիան այլևս Ադրբեջանի էլիտայի մոտ քաղաքական կուրսից վերաճել է մտածելակերպի ու կենսակերպի, որը սպառնում է և՛ իրենց, և՛ հասարակությանը: Իսկ նավթի վրա կառուցած քաղաքական խախուտ վերնաշենքը սկսում է ճաքեր տալ, որոնք քարոզչական կոսմետիկայով ոչ թե փակվում, այլ խորանում են: Արդյունքում, վերևինները կորցնում են իրականության զգացողությունը, իսկ ներքևինները՝ համակվում անորոշությամբ, որովհետև քարոզիչների մատուցած տեղեկատվական նյութը և մարդկանց տեսած իրականությունը հակադարձ համեմատական հարթությունում են: Իսկ ուղղաթիռի խոցման նրանց ներկայացրած կադրերն ու իրենց կողմից տրված մեկնաբանությունները ցայտուն կերպով ցույց տվեցին, որ Բաքուն վերստին լղոզում է իրականությունը: Ինչևէ, ագրեսիվ ու նվաճողական ձգտումները, որոնք համեմված են սուտ տեղեկատվությամբ, բումերանգի նման կործանում են դրանք հղացող, բայց դրանց բարոյապես, մտավոր ձևով, տեխնոլոգիապես ու ռազմուժով անպատրաստ իլյուզիոնիստներին, ընդ որում՝ և՛ արտաքին, և՛ ներքին ազդակներով: Հիտլերը դասական օրինակ, և ֆյուրերի կործանումը մեր հարևանների սուլթանին ապավեն... Ամենածանրը կլինի այն, որ էթնիկ փոքրամասնությունների մոտ պատերազմի վտանգը սկսի աշխատել որպես անհանգստացնող գործոն, ինքնապահպանման սպառնալիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել