Tert.am-ը գրում է․

Տասներկու երեխաների մայր Արմենուհի Մանուկյանն այսօր իր վեց անչափահաս երեխաների հետ Կառավարության շենքի դիմաց էր: Նրա վեց դպրոցական երեխաները սեպտեմբերից դպրոց չեն հաճախում, որովհետև հագուստ չունեն: Արմենուհի Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդրում է, որ որևէ մեկը ձեռք պարզի իրենց ընտանիքին:

«Ես չեմ աշխատում, որովհետև բազմազավակ մայր եմ, փոքրիկ երեխաներ ունեմ, եթե աշխատեմ նրանց ո՞վ կխնամի: Ամուսինս էլ Արցախի ազատամարտի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ, աշխատել չի կարող: 60 հազար դրամ աղքատության նպաստ ենք ստանում, բայց գումարը չի բավարարում անգամ մի երեխայի հոգսերին»,-ասաց նա:

Տիկին Արմենուհին նաև նշեց, որ իրենք ապրում են Խարբերդում, որը Շենգավիթ վարչական շրջանի մի մասն է կազմում:

«Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից ինձ պատասխանել են, որ «Շենգավիթի ղեկավարը կօգնի ձեզ, ձեր ընտանիքին, որպեսզի ձեր 6 անչափահաս երեխաները դպրոց հաճախեն», բայց մենք այդ օգնությունը չտեսանք, սեպտեմբերի 23-ից ես դիմել եմ իրենց»,-ասաց նա և նշեց, որ երեխաները սովորաբար հաճախում են Վարդևանյանի անվան 173 դպրոց:

Մայրիկի հետ կառավարության շենքի մոտ գտնվող վեց երեխաներից մեկը նշեց, որ իրենք չեն կարողանում դպրոց գնալ, որովհետև համադասարանցիները ծիծաղում են իրենց շորերի վրա և լաց եղավ:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել