Մարդկության համար գերակա պետք է լինի ռոբոտաշինությունն ու արհեստական բանականության ստեղծումը։ Ոչ միայն մեր ներքին մարտահրավերների չեզոքացման ու «դասական բիդլո» ենթատեսակի վերացման համար։ Խնդիրը շատ ավելի լայն է ու կարևոր։
Լույսի արագությունն անհաղթահարելի է, ավելին՝ չկա հնարավորություն անգամ մոտենալու դրան։ Իսկ Տիեզերքը մեծ է նույնիսկ լույսի արագության համար։
Էս դեպքում միակ իրականանալին «դանդաղ էքսպանսիայի» մոդելն է՝ ռոբոտների օգնությամբ։
Բանական ռոբոտները, ի տարբերություն մեզ, չունեն պիտանելիության ժամկետ, դիմացկուն են, սնուցման համար կարող են օգտագործել գրեթե ամեն ինչ։ Տասնյակ, հարյուր հազարավոր, նույնիսկ միլիոնավոր տարիներ տևող թռիչքը նրանց չի վնասի, իսկ գտնելով նորմալ մոլորակ՝ նրանք կկարողանան, օգտվելով տեղի ռեսուրսներից, ենթակառուցվածքներ ստեղծել և մեր ԴՆԹ մոդելի հիման վրա տեղում կառուցել նոր քաղաքակրթություն (կամ ԴՆԹ-ի հետ խաղերի արդյունքում՝ լիովին նոր էկոհամակարգեր ու բանական կյանք):
Նման կերպ հնարավոր կլինի կյանքը տարածել որքան կարելի է լայն շրջանում՝ ծաղիկների «փոշոտման» սկզբունքով։ Նոր աշխարհները կդառնան էքսպանսիայի կենտրոններ, իսկ կյանքի տարածումը կմեծանա էքսպոնենտով։
Տիեզերքում ամեն ինչ պատահական է, ու Երկրի վրա կյանքի առաջացումը՝ պատահականությունների զարմանալի շղթայի արդյունք։ Բայց այն, ինչ անում է մարդը, այլևս պատահական չէ, կյանքը պետք է տարածվի Տիեզերքում։
Տիեզերքն իր քայլն արել է։ Մեր հերթն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել