Նոյեմբերի 13-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եպիսկոպոսաց ժողովը, առաջին նիստի ընթացքում, մասնավոր անդրադարձ ունեցավ Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ պաշտպանության բանակի օդուժի ուղղաթիռի խոցման միջադեպին` դատապարտելով Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունները:
Եպիսկոպոսաց դասը աղոթք բարձրացրեց առ Աստված՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներ մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հոգիների հանգստության համար և սրտակցություն հայտնեց զոհված հայորդիների ընտանիքներին ու հարազատներին: 
Ստեղծված մտահոգիչ կացության առջև եպիսկոպոսաց ժողովն իր զորակցությունը հայտնեց ՀՀ և ԼՂՀ իշխանություններին` հայցելով Տիրոջ խաղաղությունը հայրենի մեր երկրին և ժողովրդին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանձնարարեցին եպիսկոպոսներին եկեղեցիներում կատարել հոգեհանգստյան արարողություններ՝ զոհված օդաչուների համար: Հանձնարարվեց նաև պետական և միջազգային լիազոր բոլոր ատյաններում աշխատանքներ իրականացնել` կանխարգելելու Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող սադրիչ և ռազմատենչ գործողությունները և չեզոքացնելու պատերազմի վերսկսման վտանգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել