Պահպանիր հարաբերություններդ. սիրիր ավելի ու ավելի…  Cosmo.am-ը գրում է.

Սիրահարվե՞լ: Դժվար չէ: Իսկ այ սիրահարված մնալը ոչ միշտ է այդքան հեշտ: Ահա թե ինչու է քեզ անհրաժեշտ Cosmo-ի արագացված դասընթացը: Եվ այսպես՝ նստի՛ր, աղջի՛կ ջան. այդ մասին լուրջ խոսելու ժամանակն է:

Ամեն ամիս մենք բազմաթիվ խորհուրդներ ենք տալիս, թե ինչպես գտնել մեծ սեր: Ուստի ինչպե՞ս կարող ենք առանձնացնել լավագույնների ցանկը: Այնքան էլ հեշտ գործ չէ. մենք փորձառու հոգեբաններից, խորհրդատուներից և հետազոտողներից կազմեցինք մի աստղային թիմ, որպեսզի կարողանանք ի մի բերել այդ բարդ, բայց հիասքանչ հարաբերություններն իսկապես հաջողակ դարձնող գաղտնիքները: Մեր մասնագետներն առանձնացրել են սիրո հինգ հիմնական փուլ՝ յուրաքանչյուրն իր ուրույն խնդիրներով, և մեզ տրամադրել այդ իրավիճակներից դուրս գալու բանալիներ:

ՓՈՒԼ ԱՌԱՋԻՆ. ԿՐՔԵՐԻ ԳԵՐԻ

1 Մի՛ քնիր տղայի հետ առաջին ժամադրության ընթացքում, եթե ապագայի պլաններ ես կապում նրա հետ: Այո՛, շատ փոխհարաբերություններ սկսվում են հենց այդտեղից, սակայն դրանով դու ենթարկվում ես «մեկանգամյա սեռական կապ» կատեգորիայում հայտնվելու վտանգին:
2 Երբեք մի՛ ձևացրու, թե գլուխ ես հանում տղայի հոբբիներից. մի օր հաստատ կվրիպես:
3 Երբ տղան քեզ ասում է, որ ինքը պարտավորություն ստանձնելու մտադրություն չունի, այդ խոսքերը կրկնիր քո որևէ ընկերուհու մոտ: Դա կստիպի քեզ ընդունել, որ նա լուրջ էր ասում... և դա իսկապես այդպես է:
4 Վայելիր առաջին ժամադրությունների փուլը: Այսինքն՝ մինչև չորրորդ ժամադրությունը պետք չէ քննարկել ապագան կամ անհանգստանալ, թե արդյո՞ք նա հենց ՆԱ է: 
5 Կենտրոնացիր անկողնում քո սեփական հաճույքի վրա: Եթե չափից դուրս շատ տարվես հմտություններդ ցուցադրելով, կմոռանաս վայելքի մասին:
6 Լսիր, թե քո սիրեցյալի ընկերներն ու ընտանիքն ինչ են ասում նրա մասին: «Ձեռքի հետ» արված մեկնաբանությունները (մինչև քեզ հանդիպելը նա երբեք միասեր չի եղել) քեզ համար շատ լավ հուշումներ են նրա իրական բնույթը ճանաչելու ճանապարհին: Ուստի ուշադի՛ր եղիր: 
7 Հնարավորության դեպքում նստիր կամ կանգնիր քո տղամարդու կողքին, երբ միասին ինչ-որ բան եք անում: Տղամարդիկ սովորաբար ավելի անկաշկանդ և մտերմիկ են զգում այս դիրքում, քան երբ դուք պարզապես միմյանց դեմ-հանդիման եք:
8 Ընկերոջդ հետ հանդիպելու առաջին մի քանի ամիսներին հավասար, եթե ոչ ավելի ժամանակ անցկացրու քո ընկերուհիների հետ: Տղաները հաճախ գլխակորույս նետվում են հարաբերությունների մեջ, հետո հանկարծ գոչում. «Այս ամենը չափազանց արագ է առաջ ընթանում»: Այդ դո՛ւ պետք է «արգելակները» գործի դնողը լինես: 
9 Նվազագույնը երեք ամիս պահպանիր քո ունեցած տարբերակներից ընտրելու հնարավորությունը, մինչև կորոշես, որ մյուսները բացառված են: Քեզ պետք է առնվազն 90 օր՝ փոքր-ինչ գաղափար կազմելու, թե որևէ մեկն իրենից իրականում ինչ է ներկայացնում:

ՓՈՒԼ ԵՐԿՐՈՐԴ. ԱՆՑՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

10 Նա քո ընտրյալը չէ, քանի դեռ հրապարակավ քեզ չի կոչել իր սիրեցյալը կամ չի համաձայնել, որ դու լինես նրա միակը: Այսքանը: 
11 Եթե խնդիր ունես՝ կապված նրա կենսակերպի հետ, բարձրաձայնիր նախքան իսկապես բարկանալդ: Եթե դու նրան չես ասում, որ նրա խնջույքները քեզ զայրացնում են, դու վերջիվերջո կպայթես, իսկ դա կարող է շատ բան փչացնել: 
12 Թող նա առաջինն ասի «ս»-ով սկսվող այդքան սպասված բառը: Տղամարդկանց ընդհանրապես ավելի շատ ժամանակ է հարկավոր սեփական զգացմունքները վերլուծելու և դրանք բարձրաձայնելու համար: 
13 Եթե պետք է խոսես ձեր հարաբերությունների կարգավիճակի հստակեցման մասին, նախաձեռնիր այդ խոսակցությունը նրա հետ զբոսնելու ընթացքում: Հանգիստ զբաղմունքը նրա մոտ նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը, որը հաստատ բարձրանալու է, երբ նա հարկադրված լինի խոսել իր զգացմունքների մասին:   
14 Հաճախ ժամանակ անցկացրեք երջանիկ զույգերի հետ, որոնց նա ճանաչում է և համարում ընդօրինակման արժանի: Երբ նա տեսնի, որ պարտավորություն ստանձնելը նաև հաճելի կողմ ունի, ավելի հանգիստ կվերաբերվի դրան:
15 Եթե ցանկանում ես ամուսնանալ տվյալ տղայի հետ, ապա մի՛ շտապիր բնակվելու նպատակով տեղափոխվել նրա մոտ, քանի դեռ չեք նշանվել: Այլապես նա հաջորդ քայլն անելու ավելի քիչ մղում կունենա: 
16 Նշանված լինելու ընթացքում իրար հետ ապրելը խելամիտ քայլ է: Համաբնակությունը մարտահրավերների մի ամբողջ խումբ է առաջ բերում, որոնք արժե հաղթահարել նախքան ամուսնությունը: 
17 Պարտավորություն ստանձնելու վերջնագիր ներկայացրու միայն այն դեպքում, եթե պատրաստ ես հեռանալ: Հաստատակամ եղիր ակնկալիքների առումով և նրան վերջնաժամկետ ներկայացրու: 
18 Դու չես կարող տղային հարկադրել կապերը խզել իր անցյալի հետ... բայց բացատրիր, թե ինչու է իր նախկին ընկերուհու կամ թմրամոլ ընկերոջ հետ ժամանակ անցկացնելը քեզ ցավ պատճառում: Եթե նա իսկապես մտածում է քո մասին, ապա կհարգի քո ցանկությունը:
19 Փոքր-ինչ ազատ թող քո տղային, եթե նա խոստանում է, որ դուք կնշանվեք, հենց որ ինքը հասնի իր նպատակին (օրինակ՝ ավարտի մագիստրատուրան): Բայց նրան միայն ինն ամիս ժամանակ տուր դրանից հետո՝ իր խոստումը կատարելու համար:

ՓՈՒԼ ԵՐՐՈՐԴ. ԱՌԱՋԻՆ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

20 Զարգացրու բինոկուլյար (երկկողմ) տեսողություն, այսինքն, ի լրումն քոնի, նրա տեսանկյունից նայելու կարողություն: Փորձիր հաշվի առնել նրա տեսակետը, և այդ դեպքում ավելի հավանական է, որ նա էլ կգնահատի քոնը: 
21 Բողոքդ արտահայտիր հաճոյախոսություններին զուգահեռ. «Երբ պետք է, դու քաղաքավարի ես, բայց ես կուզեի, որ դու զանգահարեիր ինձ, եթե մեր ընթրիքը հետաձգվելու էր»: 
22 Հումորի միջոցով ստիպիր նրան գործ անել: Մատնացույց արա խոնավ սրբիչների կույտը՝ կատակելով. «Ոչինչ չի համեմատվի այն բանի հետ, երբ տուն ես գալիս և ըմբոշխնում քաղցր բորբոսահոտը»:
23 Իմացիր, տղայի վերաբերմունքը, համոզմունքներն ու հայացքները փողի վերաբերյալ ժամանակի ընթացքում կարող են փոխվել: Այն, ինչն ամենայն հավանականությամբ չի փոխվի, միակնության վերաբերյալ նրա դիրքորոշումն ու կրոնական համոզմունքներն են: 
24 Արտահայտվիր դետալների մասին՝ ինչ նվեր կցանկանայիր ստանալ ծննդյան օրվա կապակցությամբ, ինչ ռեստորան կցանկանայիր գնալ: Տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում նրբություններին: 
25 Եթե քեզ նրա անցյալի հետ կապված ինչ-որ վատ բան է հայտնի դառնում, ասենք՝ որ նա դավաճանել է իր նախկին ընկերուհուն, հարցրու, թե ինչու է այդպես վարվել և ինչ դասեր է քաղել: Եթե նա զղջում է, շանսեր կան, որ կրկին այդպես չի վարվի: 
26 Երբ վեճի ընթացքում նա չափազանց ճնշված է թվում, 20 րոպեանոց դադար վերցրու: Տղամարդկանց օրգանիզմը հեշտությամբ է հեղեղվում սթրեսի հորմոններով՝ գործի դնելով փախչելու բնազդը: 
27 Զայրույթի պահերին «լեզվիդ տիրություն արա»: Դաժան կամ արհամարհական արտահայտությունները հաճախ ներվում են, բայց չեն մոռացվում: 
28 Մի՛ քննադատիր «կներես» ասելու նրա ջանքերը: Տղամարդիկ ներողամտություն են հայցում գործով. գուցե և բառացի ներողություն չլսես, բայց դու կզգաս դա, երբ նա քեզ ընթրիքի հրավիրի կամ վեճից հետո հաղորդագրություն ուղարկի:

ՓՈՒԼ ՉՈՐՐՈՐԴ. ՆԱՎԱՐԿՈՒՄ ԴԵՊԻ ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

29 Կա մի սովորություն, որը հատուկ է բոլոր երջանիկ զույգերին. միասին զվարճանալ: Մրցակցային խաղերը (բիլիարդ, սեղանի ինտելեկտուալ խաղեր) ուժեղ ազդեցություն ունեն, քանի որ դրանք բարձրացնում են ադրենալինի մակարդակը, ինչը նպաստում է ձեր մերձեցմանը: 
30 Թույլ մի՛ տուր, որ նա հետևի քեզ միզելիս, հոնքերդ շտկելիս կամ տնային պայմաններում բիկինիի հատվածում էպիլյացիա անելիս: 
31 Խորհրդավորությունը պահպանելու համար որոշ գաղտնիքներ ունեցիր: Ահա օրինակներ. քո նախկին զուգընկերների թիվը, ինչ պատահեց այն աղջկական երեկույթին, ինչու դու չես սիրում ձեր տան հարևանությամբ գտնվող սրճարանը... 
32 «Հարձակվիր» նրա վրա՝ բազմոցին նրա կողքին նստելու փոխարեն: Սեքսուալ և չարաճճի լինելը ջանք է պահանջում, բայց դա այն սոսինձն է, որը զույգերին պահում է անբաժան: 
33 Մի՛ մոռացիր համբուրել: 10 վայրկյանանոց համբույրը քեզ ավելի գրգռված է դարձնում սեքսի ժամանակ, անգամ եթե դա տեղի է ունենում ժամեր անց: 
34 ...Եվ նաև գրկիր: Տղաների մոտ օքսիտոցինի (ուղեղում մերձեցման համար պատասխանատու քիմիական միացության) մակարդակն ավելի ցածր է, քան կանանց մոտ, բայց այն կարող է բարձրանալ հաճախակի հպումների շնորհիվ: 
35 Եթե քո մարմինը փոխվել է այն ժամանակներից ի վեր, ինչ դուք հանդիպում եք, դա պրոբլեմ մի՛ դարձրու: Տղամարդիկ հազվադեպ են նկատում այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են ցելյուլիտը կամ սմքած կուրծքը:
36 Յուրաքանչյուր բացասական փոխհարաբերություն հավասարակշռիր հինգ դրական քայլով: Այտին դրոշմած համբույրը, հաշտվողական սեքսը կամ «ես քեզ սիրում եմ» ասելը օգնում են նորոգել և վերականգնել ձեր հարաբերությունները կռվից հետո: 
37 Մի՛ զբաղվիր սեքսով՝ խղճահարությունից դրդված, երբ նման ցանկություն չունես: Կանանց մեծամասնությանը հանգստանալու և թուլանալու համար անհրաժեշտ է 30 րոպե, մինչև նրանք մտովի պատրաստ կլինեն ինտիմ հարաբերությունների: 
38 Սեքսուալ «երաշտից» դուրս եկեք առանձնանալով (մի գիշեր որևէ հյուրանոցում կամ հանգստյան օրերն անկողնում անցկացնելով), երբ ոչինչ ձեզ չի շեղի, և ձեր օրակարգում կլինի միայն մեկ կետ՝ սեքս: 
39 Մի՛ փորձիր ռեալիթի շոու խաղալ և շաբաթը 7 օր, օրը 24 ժամ քո տղայի հետ լինելու հնարավորությունից զրկել բոլորին: Ազատությունն առողջարար է, և որևէ մեկը չի կարող պատասխանատու լինել քո երջանկության համար:
40 Անկանխատեսելի եղիր: Տղաներին դուր է գալիս բազմազանությունը: Թերթ կարդալիս անակնկալ կերպով ասա. «Գիտե՞ս, միշտ ուզել եմ սեքսով զբաղվել աստիճաններին»,- հետո, ասես ոչինչ էլ չի պատահել, վերադարձիր լուրերի գլխագրերին: 
41 Միշտ շնորհակալություն հայտնիր նրան մանր-մունր բաների համար (օրինակ՝ քո ոչ այնքան մտերիմ ընկերուհու հետ սիրալիր լինելու, քո հագուստը քիմմաքրումից բերելու համար): Գնահատանքը նպաստում է լավ գործերի կրկնությանը:

ՓՈՒԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ԱՊԱԳԱՅԻՆ ՄԻԱՍԻՆ ՆԱՅԵԼԸ

42 Երկուսդ էլ ինչ-որ պահ հարցականի տակ կառնեք ընդմիշտ հավատարիմ լինելու ձեր կարողությունը: Պահիր դա քո ներսում և սրտիդ մոտ մի՛ ընդունիր, եթե նույն կասկածները նրա մոտ էլ կան: 
43 Եթե չես կողմնորոշվում, թե արդյոք ընդամենը մենակ չմնալու համար ես նրա հետ, թե ոչ, հարցրու ինքդ քեզ. «Եթե ես հենց հիմա հեռանամ, կկարողանա՞մ ապրել առանց նրա»: Եթե քո պատասխանը «ոչ» է, ուրեմն կառչիր այդ կապից և վերագնահատիր այն վեց ամիս անց:
44 Սերն ամենահաղթ չէ: Որոշ անհամատեղելիություններ չեն հաղթահարվում, որքան էլ որ ջերմ լինեք միմյանց նկատմամբ: 
45 Ձեր հարաբերությունները մի՛ համեմատիր այլ զույգերի հարաբերությունների հետ. ցանկացած զույգ, նույնիսկ՝ արտաքուստ կատարյալ, խնդիրներ ունի:
46 Անվնաս խանդը պահպանում է հարաբերությունների համն ու հոտը: Պահի տակ ծիծաղիր՝ հիշելով, թե ինչպես «հետ մղեցիր» մի համարձակ տղայի ոտնձգությունները:
47 Սեքսի մասին պատրանքներ մի՛ ունեցիր. առողջ փոխհարաբերություններում սեռական ակտերի 5-15%-ը կա՛մ գոհացուցիչ չէ (ձեզանից մեկնումեկը օրգազմի չի հասնում, նախերգանքի փուլը հապշտապ է, առհասարակ բաց է թողնվում), կա՛մ ձախողվում է: 
48 Եթե դու սխալ ես գործել և դավաճանել ես նրան, խոստովանելուց առաջ շատ լուրջ մտածիր: Երբեմն եղելությունը բացելն ավելի շատ վնասում է, քան օգնում: 
49 Կյանքը երկար է: Եթե զգում ես, որ այժմ ճիշտ պահը չէ, դադար վերցրու: Դա չի նշանակում, որ դուք էլ միասին չեք լինի:
50 Կյանքը նաև կարճ է: Պարբերաբար այնպես արեք, որ քրքջալուց գլորվեք բազմոցից ցած: Մնացյալն ինքն իրեն կստացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել