Քիչ առաջ Ազգային ժողովը քննարկում էր հայտարարության մի նախագիծ՝ Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ, որին մեր հանձնաժողովը Արցախում կայացած արտագնա նիստի ժամանակ դրական եզրակացություն չէր տվել: Եվ դրական եզրակացություն չէր տվել պարզ մի պատճառով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և հայանպաստ լուծման գործընթացին չմիջամտելու, և ինչն ավելի կարևոր է՝ չվնասելու պատճառով: 
Դրական եզրակացություն չէր տվել՝ լսելով և հիմք ընդունելով Արցախի իշխանությունների և Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների կարծիքը, ինչը քննարկումների, խորհրդակցությունների և վերլուծությունների արդյունքում ծնված կարծիք է: 
Նախագծի հեղինակը՝ տիկին Փոստանջյանը, անգամ հարմար չէր գտել ներկա գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հետ համատեղ նիստին և խորհրդակցել մեր արցախցի պատգամավորների հետ, նրա մոտեցումը իրր հեղինակած փաստաթղթին միանշանակ էր և անփոփոխ: Գուցե ես սխալվում եմ, սակայն ինձ համար առնվազն անհասկանալի է նման հայրենասիրության արտահայտումը, երբ Արցախի մասին նա ավելի մտահոգ է, քան բուն արցախցիները: Գրեթե նույն կերպ է անհասկանալի, ինչպես անհասկանալի էր հենց նույն տիկին Փոստանջյանի հայրենասիրության մեկ այլ դրսևորում՝ Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը դատապարտող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությանը կողմ չքվեարկելը:
Մեկնաբանություններն ու եզրակացությունները թողնում եմ ձեր հայեցողությանը: 
Եվ վերջում ցանկանում եմ հավատացնել այն բոլոր «վերլուծաբաններին» և «քաղաքագետներին», ովքեր սկսելու են կեղծ հրապարակումներ տարածել ադրբեջանական և ադրբեջանամետ մեդիադաշտում՝ թե Հայաստանում և թե Արցախում չկա և գոնե մեկ մարդ, ով դեմ կլինի Արցախի անկախության ճանաչմանը: Եվ միանշանակ այս բաղձալի և սպասված իրադարձությունը պետք է լինի ուրախության հրովարտակ: Եվ այդ օրն անպայման գալու է: Շուտ է գալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել