Այն, ինչ կատարվեց Գյումրի-Երևան ավտոճանապարհին, իսկապես շատ ցավալի էր, բայց չէ՞ որ այս և նմանատիպ պատահարներ գրեթե ամեն օր են կատարվում: Եվ հիմա եկեք հասկանանք, թե ինչու՞ մեր պատկան մարմինները չեն մտահոգվում և չեն ձեռնարկում համապատասխան միջոցառումներ.
1.Նախ և առաջ մեր հանրապետության և ոչ մի միջպետական և միջքաղաքային ճանապարհ չունի այն չափորոշիչները, որոնք թույլ կտան երթևեկությունը դարձնել ավելի անվտանգ (ուղիղ ասֆալտներ, ուղեցույցեր, պատնեշներ):
2.Մեր հանրապետությունում մեքենաների 95 տոկոսն աշխատում է հեղուկ գազով, մասնավորապես՝ բոլոր միջքաղաքային երթուղիներն աշխատում են գազով:
3.ՀՀ-ում վարորդների մոտ 80 տոկոսը վարորդական իրավունք ստանում է առանց սովորելու:
4.Այս ամենը քաջ գիտակցելով՝ մեր պատկան մարմինները շարունակում են անտարբերություն դրսևորել:
Հիմա փորձեմ հստակեցնել, թե ինչ շարժառիթ ունեն մեր պատկան մարմինները այս ամենից. եթե մեր փողոցներում առկա լինեն ուղիղ ասֆալտներ, պատնեշներ, ուղեցույցեր, ապա ճանապարհային ոստիկանությունը, ասֆալտապատող ընկերությունը լուրջ կորուստներ կունենան, եթե մեքենաները աշխատեն բենզինով, ապա մեր օլիգարխիկ բուրգի գազալցակայանները չէին ստանա բավարար հասույթ, եթե վարորդական իրավունք հատկացվեր օրենքի շրջանակներում, ապա մի քանիսի գրպանների պարունակությունը կնվազեր.....
Հիմա պահանջով դիմում եմ մեր Կառավարությանը, հատկապես պարոն Աբրահամյանին, պարոն Գասպարյանին և պարոն Երիցյանին։
Պարոնայք այրեր, եկեք համախմբվենք և փողից, շահից առավել դասենք մարդկային կյանքը, եկեք ընդունենք օրենքներ, որտեղ միջպետական երթուղիներին արգելենք գազով աշխատել, եկեք վարորդական իրավունք տրամադրենք միմիայն պատշաճ գիտելիքներ ստանալուց հետո, եկեք մեր փողոցները ասֆալտապատենք ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան, եկեք իջեցնենք բենզինի գները, եկեք վերջապես մի քանի հանրօգուտ աշխատանքներ կատարենք մեր երկրի ազգաբնակչության համար և վերջապես եկեք հիշենք մեր երկրի մայր օրենքի առաջին հոդվածի բառերը՝ սոցիալական, իրավական պետություն... Եկեք այնպես անենք, որպեսզի մեր սերունդները, մեր քաղաքացիները զգան, որ պաշտպանված են սեփական երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել