Մինչ ես նյութի վրա էի աշխատում, կինս աղջկաս հետ միասին դիտում են «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայն» հաղորդումը: Ականջիս խփեց 7-ամյա աղջկաս հարցը. «Էս ինչի՞ են ռուսերեն խոսում»: Մի պահ նայեցի հեռուստաէկրանին. Եվա Ռիվասն էր ռուսերեն մեկնաբանում հերթական ելույթը: Տարիներ առաջ նրան պատիվ ընձեռվեց Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլում: Այն ժամանակ հայերեն չգիտեր: Տարիներ են անցել, և նա նորից հայերեն չգիտի: Իր իրավունքն է: Սակայն, իմ կարծիքով, եթե մարդ ցանկանում է մուտք գործել Հայաստան, հայաստանյան շոու-բիզնես, եթե չասեմ պարտադիր է, ապա ցանկալի է, որ հայերեն սովորի: Առավել քան նոնսենս է նրա ռուսախոսությունը (հավասարապես կլիներ որևէ մեկի անգլիախոսությունը կամ ֆրանսիախոսությունը) հայկական հեռուստաընկերության եթերում՝ որևէ նախագծի շրջանակներում: Խորհուրդ չեմ տալու, թե հեռուստաընկերությունն ում հրավիրի կամ չհրավիրի նախագիծ՝ ժյուրի լինելու համար: Իրավունքը իրենն է, Եվան էլ, Սոնան էլ կարող են իրենց իրավունքը համարել տարիներ շարունակ գոնե խոսակացական հայերեն չսովորելը: Բայց Արմենիա հեռուստաընկերությունը պարտավոր է առնվազն հարգել ՀՀ Սահմանադրությունը, Լեզվի մասին օրենքը, և ապահովել նրա և այլոց օտարալեզու խոսքի թարգմանությունը, հատկապես երբ հաղորդումը ուղիղ եթեր չէ: Եթե սեփական լեզուն հարգելու, իմանալու չգրված նորմերը չեն հարգվում, գոնե հարգեք օրենքի գրված նորմերը: Չնայած, որքան տարիներ առաջ հարգեցիք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը հայերեն վարելու օրենքի ու հասարակության մի հատվածի պահանջը, այնքան էլ այս մեկը կհարգեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել