Դարձիր ՆՐԱ համար հաճելի զրուցակիցCosmo.am-ը գրում է․

Նախ` մոռացիր հնացած, ընդունված մոտեցումները: Շփման մեր տարբերակները կգերեն, կհետաքրքրեն նրան և ավելին... թույլ կտան քեզ լինել այնպիսին, ինչպիսին կաս:

Ըստ Մինա Ազոդի

Եթե ամուսնացած չես և եթե այնքան էլ լավ չի դասավորվում անձնական կյանքդ, անկասկած, տղամարդկանց թեմայով հազարավոր «կարելի»-ներ ու «չի կարելի»-ներ ես հասցրել լսել, մոտավորապես «պետք չի լուրջ թեմաներ բացել, միլիոնավոր հարցեր տալ», «միշտ լսողի դերում եղիր», «շատ մի խոսիր» և այսպես շարունակ:

Բայց մի՞թե իրեն հարգող կինը ցանկանում է լուռ մնալ ու հինգ վայրկյանը մեկ պարզապես գլխով անել: Փորձագետների կարծիքով` սրանք հնացած մոտեցումներ են, որոնցից պետք է հրաժարվել:

«Այդ ավանդական խորհուրդները քողարկում են ձեր էությունը: Իսկ խոսելը նրա մոտ կարծիք է ստեղծում, թե իրականում որքան զգացմունքային և ուշադիր եք»,- ասում է հոգեբանության դոկտոր` «Այդ դու չես, այլ` նա» գրքի հեղինակ Քրիսթի Հարթմանը:

Ուրեմն գործի դիր շփման նոր մեթոդներ և գտիր իսկապես քեզ համապատասխան զուգընկեր:

Մոռացիր «դեռ ծանոթ չեմ» ասվածը

Եթե նույնիսկ առանձին եք զրուցում, շրջապատի հետ նույնպես շփվիր. մի քանի բառ փոխանակելը չի խանգարի` լինի բարմեն, որևէ ծանոթ, թե ձեր ուղղությամբ նստած երիտասարդ: Սա ցույց է տալիս, որ դու սիրալիր ես և հեշտ ես ծանոթություններ հաստատում: Դա նրա ենթագիտակցության վրա մեծ ազդեցություն կթողնի:

Այս երևույթն ընդունված է անվանել «ընկերության կրկնօրինակում» . թե մարդկանց և թե կենդանիներից շատերի մոտ արական և իգական սեռերին միշտ ձգում են հակառակ սեռի այն անդամները, որոնք ցանկալի են մյուսների համար: Այսպես, երբ տղան տեսնում է` ինչպես ես բոլորի հետ շփվում, հասկանում է, որ մարդիկ քեզ համակրում են, ինչն ավելի ակնհայտ է դարձնում քո գրավչությունը` միևնույն ժամանակ ստիպելով նրան աչալուրջ լինել:

«Հաջորդ անգամ, երբ դուրս գաս զբոսնելու, խորհուրդ կտամ առնվազն երեք անծանոթի հետ զրուցես»,- առաջարկում է Հարթմանը: Դրանով ոչ միայն ուշադրության կարժանանաս, այլև կարող ես մարդկանց հետ առավել դյուրությամբ շփվելու և ինֆորմացիա փոխանակելու փորձ ձեռք բերել:

«Անծանոթների հետ զրույցը լավ նախավարժանք է»,- ասում է Հարթմանը: «Փաստորեն, զրուցելով մարդանց հետ, որոնց նկատմամբ ռոմանտիկ հետաքրքրություն չունես, փորձ ես ձեռք բերում` գրավելու նրան, ում հանդեպ հետաքրքրությունից մեռնում ես»:

Խոսելիս հետևիր 50/50 կանոնին

Հավանաբար շատ ես լսել, որ տղամարդիկ լուռ զրուցակից են նախընտրում, և դա ընդունելով որպես ճշմարտություն (ո՞ւմ հաճելի չէ այդպիսի զրուցակից ունենալը)` կանայք հաճախ կենտրոնանում են լսելու և ոչ` խոսելու վրա: «Նախկինում կանայք կարծում էին, որ չափից դուրս խոսելը դիմացինի կողմից կարող է ընկալվել որպես իրեն իշխելու դիտավորություն: Փոխարենը ուշադիր լսելը համարվում էր առավել քաղաքավարի պահվածք»,- բացատրում է Հարթմանը:

Բայց եթե թույլ տաս` նա շարունակ խոսի իրենից, դու կձանձրանաս, իսկ նա էլ, տեսնելով քո տրամադրվածությունը, կձանձրանա քեզնից: «Կմտածի` դու պրիմիտիվ ես, և այդ պատճառով էլ իրեն թույլ չտվեցիր թափանցել քո անհատականության մեջ»,- ասում է Հարթմանը: Այդ պատճառով ավելի խելամիտ կլինի արձագանքել, ինչպես կանեիր յուրաքանչյուր ընկերուհուդ հետ զրուցելիս: Նա պատմում է իր մասին, դու շարունակում ես զրույցը` տրամադրելով համապատասխան ինֆորմացիա: Նրան առաջ շարժվելու հնարավորություն տուր ...

Կառչիր մանրամասներից

Չամուսնացած կանանցից շատերը վախենում են այն մտքից, որ իրենց սովորական թեթևամիտների տեղ կդնեն: Այդ պատճառով սկսում են իրենց արհեստականորեն զուսպ պահել: Այնինչ անձնական պատմություններով ու կարծիքներով կիսվելն ակնհայտորեն կնպաստի նրան, որ դուք ընդհանուր շատ բան կբացահայտեք: Օրինակ` մանկության կամ սոցիալական թեմաների շուրջ խոսեք: Բայց անընդհատ միմյանց միջև նմանություն փնտրելն էլ ճիշտ չէ:

Եթե կա որևէ հարց, որտեղ կարող ես հակառակ կարծիք հայտնել ու թեթև, կրքոտ լարվածություն ստեղծել, հենց այդպես էլ արա: (Օրինակ` դու սիրում ես Մոսկվան, իսկ նա` Նյու Յորքը: Անմիջապես կսկսեք պայքարել` որ քաղաքն է ավելի լավը):

Երկու դեպքում էլ` քո մասին փոքրիկ մանրամասներ ներկայացնելը համատեղելիության անմիջական զգացողություն կստեղծի, որը կմեծացնի քո հանդեպ նրա հետաքրքրությունը»,- ասում է հոգեբանության դոկտոր, «Սեր 90 օրում» գրքի հեղինակ Դայանա Քիրշները: Հենց ընդհանուր հող գտնեք, թեմաներն ինքնըստինքնյան կբացվեն. ջանք թափելու հարկ չի լինի:

Հնարավորություն տուր նրան լսելու «մարմնիդ ձայնը»

Զրույցին միայն շուրթերը չեն, որ մասնակցում են: Փորձագետներն ասում են, որ հաղորդակցության ավելի քան կեսը ոչ բառացի է լինում: Այնպես որ, եթե մտադիր ես դիմացինիդ ուշադրությանն արժանանալ, ճիշտ կլինի գործի դնել նաև «մարմնի լեզու» կոչվածը:

Օրինակ` եթե անձնական պատմություն ես պատմում, վեր բարձրացրու ձեռքիդ ափերը: «Սա խոցելիության նշան է և ենթագիտակցորեն տղային հուշում է, որ դու պատրաստ ես իրեն ավելի լավ ճանաչել: Արդյունքում նա իրեն ավելի հանգիստ է զգում քո կողքին»,- ասում է ոչ վերբալ հաղորդակցման փորձագետ Մարկ Սալեմը` Մանհեթընի Մերիմաունթ քոլեջի հոգեբանության պրոֆեսորը:

Լարվածությունը ցրելու համար փորձիր «5/15» շփման ձևը: Ամեն 15 րոպեի ընթացքում 5 անգամ պատահաբար դիպչիր զրուցակցիդ: «Մեկ ուրիշին դիպչելը նույնպես ենթագիտակցորեն այդ տղայի մեջ քեզ ավելի մոտ լինելու ցանկություն կառաջացնի: Սա արդյունավետ, բայց նաև քողարկված գործելու ամենահավասարակշիռ տարբերակն է»,- մանրամասնում է փորձագետ, «Դու ասում ես ավելին, քան մտածում ես» գրքի հեղինակ Ջանին Դրայվերը: Ասա, որ քեզ շատ է դուր գալիս նրա ժամացույցը և նրբորեն դիպչիր դաստակին կամ որևէ հարց տալիս ձեռքդ հանկարծակի դիր ուսին:

Մի խուսափիր համարձակ խոստովանություններից

Այո, չեզոք թեմաներից կառչելը երաշխավորում է, որ դու ապահով ես, և անկանխատեսելի ցնցումներ չեն սպասվում: «Մի փոքր համարձակ, անսովոր մտքերը նրա մոտ հետաքրքրություն ու վստահություն կառաջացնեն քո հանդեպ: Օրինակ` պատմիր, թե ինչպես ես կարաոկե-մրցույթում ինքնամոռաց կատարել «Հավերժական սեր» երգը և մրցանակ շահել: Կամ խոստովանիր, որ բոլոր հիթային ֆիլմերն առնվազն երկու անգամ դիտել ես»,- ասում է Քիրշները: «Դա նույնպես յուրահատուկ, հիշվող մանրուք է հաղորդում քո մասին և դաջվում նրա մտքում` քեզ առանձնացնելով իրեն հանդիպած բոլոր կանանցից»:

Եվ երբ դու կանացի հմայքով նրբորեն երևան հանես քո անհատականությունը, նա կհասկանա, որ դու չես վախենում ռիսկի դիմել` կյանքը լիարժեք վայելելու համար: Արդյունքում` ցանկություն կհայտնի միանալ այդ վայելքին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել