Աղետ` Տավուշի մարզում. ո՞վ է փոխհատուցելու հրդեհված այգիների վնասըArmnewsTV.am-ը գրում է․

Ամեն ինչ վառվեց, մոխրացավ` բերքահավաքը չսկսված: Հակառակորդի նշանառության ու կրակահերթի տակ, Վերին կարմիրաղբյուրցիները սահմանամերձ հողերի խաղողի այգիները 2 տասնամյակ մշակում էին երեկոյան ժամերին միայն: Այս տարի խաղողն առատ էր: Ուրախությունը, սակայն, կարճ տևեց: Բերքի փոխարեն գյուղացիները տեսան կրակի բոցեր: Վառվեց խաղողի ու պտղատու ծառերի 60 հա այգի, 37 ընտանիք զրկվեց տարվա միակ եկամտից: «Եղվարդշին» կազմակերպությունը խաղողի այգիների տեխնիկապես սարքին ջրագծի խողովակները հատել-մասնատել էր: Եռակցման սարքից թռած կայծերն էլ դիպչելով չոր, չհնձված խոտին՝ հրդեհ էին առաջացրել:

Գյուղացիների խոսքով` կազմակերպությունը շինարարական թույլտվություն չի ունեցել, մի քանի օր առաջ է դիմել: Այդ մասին գյուղապետը իմացել է մարզպետարանում, երբ դիմել էր օգնության համար: Ո՞ւմ էին պետք ջրագծի խողովակները և ո՞ւր էին տանելու: Գյուղապետարանում ընկերության ներկայացուցիչն ասել է` Արմավիրում ջրագիծ են կառուցում:

8000 ք/մ վառված խաղողի այգուց Վազգեն Մանուչարյանը 70 տոննա բերք էր սպասում: Բերքի եկամտով էլ երկու տղաների ուսման վարձն էր տալիս, երեք բանկերի վարկերը: Ամսական միայն 146 հազար դրամ բանկերին է վճարում: Երկու ամիս է բանկերին գումար չի վճարում, տղայի ուսումը դարձրել է հեռակա, կնոջն ու աղջկան էլ ուղարկել է Անապա` եղբոր մոտ: Այգիների կորուստը Վերին կարմիրաղբյուրցիների միակ հոգսը չէ: Գինու գործարանի հետ գյուղացիները 5 տարվա պայմանագիր են կնքել, ըստ որի, պարտավոր են ամեն տարի որոշակի քանակությամբ խաղող հանձնել գործարան: Ոչ միայն այս, նաև առաջիկա 5 տարում ոչ ոք չի կարող խաղող մթերել: Կրկին այգի հիմնելու, խաղող աճեցնելու համար տարիներ են պետք: Բայց խնդիրն ավելի լուրջ է` որտեղի՞ց խաղող մթերեն գործարան, պայմանագրով մթերման վերջնաժամկետը կավարտվի մի քանի օրից: Ո՞վ է փոխհատուցելու գյուղացիների վնասը: Վերին կարմիրաղբյուրցիները հասել են նաև Բաղրամյան 26: Հանդիպել են ՀՀ Նախագահի աշխատակազմի հետ, ներկայացրել խնդիրը: Խոստացել են օգնել:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել