...Ու մինչ ամենքն իր առօրյա հոգսերն է լուծում, մեկը ստատուս գրում, մյուսը լայքում, մյուսն էլ բողոքում, մինչ դավաճանն անմեղ է իրեն համարում, անբարոն՝ բարոյական, ու մինչ անձրևի կաթիլները ձգտում են հասնել գետնին, մի պահ կանգ առ ու ետ նայիր:
Այնքա՜ն բան է փոխվել... այնքա՜ն... մենք առաջվանը չենք, ամեն ինչ ուրիշ ու ուրիշինն է: Չկան մեր հին ու բարի ժամանակների, նեղի ու ուրախության ընկերները, չկան մեր ջահել ու երջանիկ մայրերը, որ մազերի հատուկենտ սպիտակներն են արդեն հաշվում, չկան հայրերը երբեմնի ու նրանք արդեն թոռներին են սպասում, չկանք նաև մենք...
Մենք արդեն ուրիշ կերպ ենք մտածում: 
Մենք էլ երբեք չենք իջնելու, կանգնելու հսկա շենքի առաջ ու գոռալու մեր այնքան մանկամիտ ու միամիտ ընկերոջ անունիկը, մենք էլ երբեք չենք գցելու գնդակը հարևանի այգի ու գնալու նրա տուն՝ բանալին ուզելու, մենք էլ երբեք չենք նստելու ու սպասելու, թե երբ է սկսվելու Թոմն ու Ջերին, կամ երբ է Նու Պագադին բռնելու նապաստակին, մենք էլ երբեք գիշերը չենք գնալու ու քնելու մեր մայրերի հետ, քանի որ մութն է վախին հյուրընկալել... Մենք էլ երբեք շենքի բակից չենք համոզելու վեցերորդ հարկից գոռացող մայրիկին, որ մի քիչ էլ մնանք, դուրսը դեռ լույս է: Երբեք չենք գալու տուն ու ուրա՜խ, անհո՜գ, երջանի՜կ հայտարարելու, որ հինգ ենք ստացել նկարչությունից, և աստղ՝ երգից: Մենք էլ երբեք չենք նստելու ու սպասելու Մոխին ու Դմբլդոխին, վերջիվերջո մենք էլ երբեք ռետուզ չենք հագնելու, ճաշը կիսատ չենք թողնելու ու մեր ապագա կանանց տեսքի վրա քար չենք գցելու այդպիսով... անցնու՜մ է ժամանակը, անցնու՜մ են օրերն ու մարդիկ, որոնց հարաբերությունն անգամ ուղիղ համեմատական է... Եվ մի պահ, երբ ցանկանում ես հիշել ու վերադառնալ այն օրերը, երբ ամենամեծ խնդիրը անկյուն կանգնելն էր մեկ ոտքի վրա, հասկանում ես, որ ժամանակի մեքենան չկա՜... այն երբեք էլ ետ չի դառնալու՜.. ու մնում է միայն զգալ այնքա՜ն տանջող, օդ դարձած համատարած անտեր կարոտը..........

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել