Շատ մարդիկ կոչ են անում գոնե մեկ ժամով, կամ կես օրով բոյկոտել ֆեյսբուքը նրա համար, որ գիշերը Մարկ Ցուկերբերգի ասուլիսի ժամանակ չի հնչեցվել «Հայոց ցեղասպանության» մասին հարցը, թեև այն ամենալայքվածներից էր։ Իմ համեստ կարծիքով՝ համ էդ հարցն էր բառիս բուն իմաստով անտեղին, համ էլ ցանկացած տիպի համազգային բոյկոտն ա անիմաստ, ու բացատրեմ՝ ինչու։

Բոյկոտելու իմաստը

Մի կողմ դնենք հարցի այն կողմը, թե ինչո՞ւ ենք մենք ընկել մասնավոր ընկերության յալվարին՝ Ցեղասպանություն Ճանաչել-Չճանաչելու հարցում։ Ասենք նույն հաջողությամբ կարելի էր պահանջել FedEx-ից, Apple-ից կամ էլ ասենք ГазПром-ից, որպեսզի իրենք դատապարտեն ցեղասպանությունը, իսկ չդատապարտելու դեպքում կոչ անեինք, որպեսզի բոյկոտեն այդ ընկերությունները։

Լավ, ենթադրենք դուք դրա մեջ իմաստ տեսնում եք ու մնում եք այն կարծիքին, որ համազգային բոյկոտ է պետք հայտարարել ֆեյսբուքին մի ժամով, մի օրով, մի շաբաթով, թե ընդմիշտ։ Ենթադրենք... Հիմա եկեք նայենք վիճակագրությանը.

Հայաստանում կա ֆեյսբուքյան 700.000 օգտատեր, որոնց մի մասը ֆեյքեր են։ Մի ինչ-որ հրաշքով էդ բոլորը կոնսոլիդացվում են ու սկսում են բոյկոտ։ Ֆեյսբուքն աշխարհում ունի 1.3 միլիարդի կարգի օգտատեր, այսինքն՝ հայկական սեգմենտում բոլոր ֆեյքերով ու իրական պրոֆիլներով գտնվում է ֆեյսբուքի օգտատերերի մոտավորապես 0.05 տոկոսը։ Էդ անգամ վիճակագրական սխալմունքի թույլատրելի շեմից է 10 անգամ քիչ։ Ասենք որ Մեխիկո սիթիում լույսերը տանեն, կամ էլ Իսլամաբադում ջրհեղեղ լինի, ֆեյսբուքը ավելի շուտ դա կզգա, քան մեր համազգային բոյկոտը։
Թող ոչ մեկի համար վիարվորական դա չլինի, բայց սա նման ա նրան, որ անոռեքսիկ մրջյունը իրա բիցեպսով փորձի փղին վախեցնել։

Հարցի նպատակահարմարությունը

Ես իհարկե հասկանում եմ, որ 20+ տարվա ուղեղի լվացումից հետո շատերին թվում է, որ աշխարհի ուշք ու միտքը պետք է մեր ազգի ողբերգությունը լինի, հատկապես, եթե հայտնի մարդ է, բայց փորձը ցույց է տալիս, որ աշխարհը չի փոխվել, ու ոնց 100 տարի առաջ թքած ուներ համաշխարհային հանրությունը մեր ողբերգության վրա, այնպես էլ հիմա է։
Բացի դրանից, սա ինչ-որ քաղաքական գործչի ասուլիս չէր, որևիցե պետության ղեկավարի ասուլիս չէր, ընդհանրապես՝ քաղաքական ասուլիս չէր, այլ կոնկրետ ասուլիս՝ վերաբերվող Ֆեյսբուք սոցիալական ցանցին ու դրա զարգացումներին։ Էս ֆորմատում Հայոց Ցեղասպանության մասին հարցը նույնքան ակտուալ է, ինչքան, ասենք, Եթովպիայի ու Էրիթրեայի հարաբերություններին վերաբերող խնդիրները կամ էլ Քաշմիրի հիմնախնդիրը։ Նույն հաջողությամբ, կարելի էր նման հաց բարձրացնել ասենք Բրիթիշ Փեթրոլիումի ղեկավարի ասուլիսին՝ Արկտիկայում նավթաարդյունաբերություն զարգացնելու թեմային նվիրված։
Ու վերջապես, կրկնում եմ արդեն մի անգամ ակնարկածս միտքը. ինչո՞ւ ենք մենք Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցն այնքան արժեզրկում, որ քաղաքականությունն ու միջազգային իրավունքը թողած, ընկել ենք ՄԱՍՆԱՎՈՐ ընկերություններին համոզելով ու դրանցից նեղանալով ենք զբաղվում՝ հերիք չէ, դեռ մի բան էլ ֆեյսբուքում քոմմենթ լայքելու մակարդակի ենք հասցրել։
Ի դեպ, ամենալայքված քոմմենթներից մեկը լինելու մասով էլ ուզում եմ ուղղակի ձեր ուշադրությունը հրավիրեմ նրա վրա, որ էդ հազարավոր լայքերի 99.99 տոկոսը հայեր էին դրել, ինչը վկայում է նրա մասին, ինչի մասին ասեցի՝ աշխարհի համար էդ հարցը, այն էլ այս ձևաչափում ու հարթակում, ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ հետաքրքիր չի։

Հ.Գ. Ցուկերբերգով թուրքին պատժելու տեղը մի արտագաղթեք ու երեխա ունեցեք, հաստատ ավելի մեծ կլինի հավանականությունը, որ մենք մեր արդարությունը կվերականգնենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել