Վրաստանում քաղաքական ճգնաժամը խորանում էArmnewsTV.am-ը գրում է.

Վրաստանում քաղաքական ճգնաժամը խորանում է: Լուրեր են տարածվել, որ Վրաստանի տասնյակ դեսպաններ մտադիր են հրաժարական տալ: Եվրոպամետ նախարարների հեռացումը մտահոգություն է առաջացրել Միացյալ նահանգներում: Պետքարտուղարությունը անհանգստություն է հայտնել, որ հեռանում են Վրաստանի արևմտականացման գլխավոր ջատագովները, անհանգիստ է նաև ամերիկյան մամուլը: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բարձրացած աղմուկի համար մեղադրել է պաշտպանության պաշտոնաթող նախարարին` նրան անվանելով արկածախնդիր դավաճան: 

Ղարիբաշվիլին CNN-ին հրատապ հարցազրույց է տվել` հերքելով Ալասանիայի մեղադրանքները, թե Վրաստանը հեռանում է եվրաինտեգրումից: Բայց հարցը կախված է մնացել օդում: Նախագահ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր է քննարկում սկսել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման հարցի շուրջ: Ներքաղաքական անորոշությունը դրսևորվել է նաև նրանով, որ նախօրեին արտաքին գործերի հրաժարական տված չորս փոխնախարարներից երեքը որոշել են պահպանել պաշտոնները: Բայց եվրոպամետ հիմնական գործիչները շարունակում են հեռանալ կառավարությունից: 

Եվրոպամետ նախարարների հրաժարականները կասկածի տակ են դրել իշխանության քաղաքական կշիռը: «Վրացական երազանք» կոալիցիան սրանով քանդվում է, այն այլևս մեծամասնություն չունի խորհրդարանում, հետևաբար ճգնաժամը միայն ավելի է խորանում: 

Սա նշանակում է, որ երկրի գլխավոր ընդդիմության գլխավոր պահանջը լինելու է ինտեգրում արևմուտքի հետ: Նոյեմբերի 15-ին Վրաստանում սպասվում է Սաակաշվիլիի կողմնակիցների հանրահավաքը, որին հավանաբար կմիանան պաշտոնաթող նախարարները` պայքար սկսելով խորհրդարանում արդեն մեծամասնություն չունեցող և զգալի թուլացած իշխանության հետ:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել