SOS.  Մարտիրոսը սողանքի վտանգի տակ էArmnewstv.am-ը գրում է․

Գյուղի բնակիչները կես կատակ, կես լուրջ ասում են` Մարտիրոսում մի օր գուցե մարտիրոսվեն: Ապահով է դրսում, տանը մնալը կյանքի համար վտանգավոր է: Բարձրադիր տարածքում տարածված համայնքն արդեն 15 տարի է սողանքային գոտում է, տները կիսափուլ ու կիսախարխուլ: Մարդիկ չեն նորոգում տները, որովհետև գիտեն, հաջորդ օրը նույնն է` պատը ճաքելու է, ստիպված հին ավանդույթներն են պահում` խալիները կախում են պատերից, որ ճաքը չերևա: Ընկած քարերը հետ չեն դնում, ոչ էլ փորձում են ցեխ լցնել, փորձված տարբերակը` հին շորեր խցկելն է: Մարտիրոսում մեծից փոքր սովորել են ու սովորեցրել, որ պետք է տներից հեռու մնալ, մանավանդ ուրիշների տներից:

Գյուղի տների հիմնական մասը 4-րդ աստիճանի վթարային է, մյուսները 3-րդ և 2-րդ աստիճանի, անհրաժեշտ է ազատել այդ կացարանները: Գյուղապետն ուղեկցում է ամենավտանգավոր տները, ցույց տալիս ու պատմում, որ մարզպետին ներկայացրել է խնդիրը: 2008-ին կառավարությունը գումար հատկացրեց 10 ընտանիքի: Մի մասը նորոգեցին տները, մի քանիսը տներ գնեցին հարևան համայնքներում, նրանց խնդիրը լուծվեց, գյուղի կեսից ավելին մնաց օգնության սպասելով: Դրությունը սրվում է, քանի որ ցրտերն ընկել են, ձյունը եկել է, սառնամանիքն էլ տներում է, փակ դռներն ու լուսամուտները չեն օգնում, պատերն են կիսված: Բնակիչների խոսքով, այստեղ ձմեռը երկար է մնում` մինչև 7 ամիս, իրենք էլ ստիպված փայտը եռապատիկ ավելի են գնում` 15 խորանարդ մետր, որ ամբողջ օրը վառարանը տաքացնի, այլապես ցրտահարվելը րոպեների հարց է:

Թե երբ մարտիրոսցիները աջակցություն կստանան, հայտնի չէ, սպասում են նոր մարզպետին, որ նորից հիշեցնեն իրենց խնդրի մասին: Փոխմարզպետը հիշեցրեց, որ այդ գյուղում շինարարություն են արել, ջրի ցանցն են նորոգել, բայց նորոգումները սողանքից չեն փրկի, հատկացումներ են պետք: Գյուղացիները պնդում են, որ այդ տները թողնելն ամենօրյա խնդիր է, որ հաջորդ քարն իրենց վրա չընկնի, առանց այն էլ մարդիկ սկսել են թողնել Մարտիրոսը, հիմնականում ծերերն են մնացել:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել