մարութաՄարութա լեռան Սուրբ Աստվածածին եկեղեցին քանդելու վերաբերյալ նոր ցնցող տեղեկություններ են ստացվել:
Aykiridogrular լրատվական կայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը ներկայացրել է մինչ օրս ակտիվ ուխտավայր հանդիսացող եկեղեցու վրա հարձակման մանրամասներն ու այդ ամենի հետևում կանգնած անձանց:
Հիշեցնենք, որ Սասունում գտնվող եկեղեցին ամեն տարի ընդունում է տասնյակ հայ ուխտավորների ամբողջ աշխարհից: Այս տարի Սասունի քաղաքապետարանն ու մոտակա գյուղերի ղեկավարներն արգելել էին հայ ուխտավորներին բարձրանալ Մարութա (Մարաթուկ) լեռը, որի վրա էլ գտնվում է սրբավայրը: Թուրք պաշտոնյաներն իրենց մերժումը կապել էին մուսուլմանների սրբազան Ռամադան ամսվա հետ: Սակայն ուխտագնացությունը կայացել էր, ինչից ընդամենը մի քանի օր հետո եկեղեցում լուրջ ավերածություններ էին տեիղ ունեցել: Անհայտ անձանց կողմից հողին էր հավասարեցվել Սբ Աստվածածնի ճակատային մասը, որը վերջերս էր վերանորոգվել հայ ուխտավորների կողմից: Թուրքիայում գործող «Սասունի հայերի միությունն» անմիջապես դիմել էր թուրքական դատախազություն, իսկ Թուրքիայում բնակվող հայերը սկսել էին ուսումնասիրել բարբարոսության հերթական դեպքը:
Ինչպես երեկ հայտնել էր Թուրքագիտական բլոգը, Սասունի քաղաքապետն ու մոտակա գյուղի գյուղապետն օրերս հայտարարություն էին տարածել, որում նշել էին, թե «ուխտագնացությունն արգելել են, քանի որ հայերը դիմել են սադրանքի և եկեղեցու մոտ պարզել են Հայաստանի դրոշը» (ուշադրություն դարձրեք, որ նրանք հակասում են իրենց տարածած առաջին հայտարարությանը): Այս խոսքերից արդեն պարզ էր դառնում, թե ում ձեռքի գործն է Սուրբ Աստվածածնի վրա հարձակումը:
Եվ ահա Ջևաթ Սինեթը հերթական ուշագրավ մանրամասներն է հայտնել դեպքի վայրից: Այս բարբարոսությունից հետո հայերը սկսել են փնտրել վկաներ, ովքեր տեսած կլինեն, թե ովքեր և ինչպես են քանդում հայկական եկեղեցին: Երկար փնրտուքներից հետո մի քանի գյուղացիներ նշել են, որ եկեղեցու քանդման աշխատանքներն իրականացրել են տեղի «աշխարհազորայինները» (թուրքերեն` «քորուջու», հիմնականում քրդերից կազմված վարձկանների խմբեր, ովքեր հսկում են քրդաբնակ գյուղերը և աշխատավարձ ստանում թուրքական կառավարությունից):
Հայ լրագրողը նշում է, որ Սասունում տեղակայված է 1500 «աշխարհազորային» և առանց նրանց իմացության անգամ թռչուններ չեն թռչում մոտակայքով:
Սինեթն ուշադրություն է դարձրել նաև տեղի զինվորական, ոստիկանական և վարչական ներկայացուցիչների լուռ համաձայնությանը: Եկեղեցին քանդելու ժամանակ «աշխարհազորայիններին» չեն խանգարել ոչ տեղի ժանդարմները, ոչ ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Սա ցույց է տալիս, որ եկեղեցու քանդումը համաձայնեցված է եղել տեղի իշխանությունների կողմից:
«Մենք տեսանք, թե ինչպես են դիմակ դրած անձինք հայտնվել այս կողմերում: Անմիջապես ոստիկանություն կանչեցինք, սակայն ժանդարմներն այդպես էլ ուշադրություն չդարձրին, չեկան: Այս վայրերում այնքան «աշխարհազորային» կա, որ անգամ շունչ քաշելու մասին իմանում են: Նրանք նույնպես ընդհանրապես չխառնվեցին: Ըստ ամենայնի, դիմակավորները նույնպես «աշխարհազորայիններ» են, իսկ նրանց մոտ կանգնածները, որոնք առանց դիմակ էին, հսկողություն էին սահմանել շրջապատում: Սրանք («աշխարհազորայինները»-խմբ.) գյուղապետերի և քաղաքապետերի մարդիկ են»,-նշել են մոտակայքում ապրող գյուղացիները, ովքեր ականատես են եղել վանդալիզմին:

Այս փաստերը կրկին ապացուցում են, որ Մարութա սարի հայկական եկեղեցին քանդել են տեղի իշխանությունները, հնարավոր է` նաև ավելի բարձր պաշտոններ զբաղեցնողների թույլտվությամբ կամ պահանջով:

Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիայում հայկական ժառանգությունը, լինի դա եկեղեցի, վանք կամ այլ կառույցն, անպաշտպան է և դատապարտված է վերջնական ոչնչացման:


Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել