Մեր հարևան Վրաստանում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Հետաքրքիր այն առումով, որ մի կողմից դրանք սպասելի էին, իսկ մյուս կողմից մտածելու տեղիք են տալիս, թե ինչ զարգացումներ կարելի է սպասել մոտ ապագայում:

Այն, որ տարբեր քաղաքական հայացքների և գաղափարների տեր կուսակցությունները երկար ժամանակ չէին կարող պտտվել մեկ ընդհանուր առանցքի շուրջ, դժվար չէր կանխատեսել, և դեռ իշխող «Վրացական երազանքի» իշխանության գալուց որոշ ժամանակ անց պարբերաբար սկսեցին տեղեկություններ տարածվել կոալիցիայի ներսում տիրող անհանգիստ մթնոլորտի կապակցությամբ:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Վրաստանի նախագահն ու վարչապետը բավական լարված հարաբերություններ ունեն և նույնիսկ խուսափում են միմյանց հետ շփումներից: Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ վերջիններիս միջև առկա հակասությունների մասին սկսեցին խոսել նաև միջազգային հարթությունում, ինչը պայմանավորված էր նաև Մարգվելաշվիլիի և Ղարիբաշվիլիի՝ արտերկրյա այցելություններին մեկնելու համար «իրար հերթ չտալու» հանգամանքով:

Ավելին, նախկին վարչապետ Բ. Իվանիշվիլին բացահայտ քննադատությունների արժանացրեց նախագահ Մարգվելաշվիլիին և դրան հակառակ դրական գնահատեց վարչապետի գործունեությունը: 
Այդ պահից սկսած հասկանալի դարձավ, որ նախկինի պես Մարգվելաշվիլին այլևս չէր կարող լինել Իվանիշվիլիի համար ֆավորիտ քաղաքական գործիչ և հակառակ դրան վերջինս վստահության շեշտը դնում էր երիտասարդ վարչապետի վրա: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իվանիշվիլին, դուրս գալով քաղաքականությունից, այնուհանդերձ անուղղակիորեն մասնակից էր ներքաղաքական զարգացումներին, կարելի էր ենթադրել, որ ներկայում ընթացող գործընթացները վաղ, թե ուշ տեղ էին գտնելու:

Ինչ վերաբերում է կոնկրետ բարձրաստիճան գործիչների պաշտոնանկություններին և հրաժարականներին, ապա մեկ բան կարելի է արձանագրել, որ վերջիններս զբաղված էին Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի առաջ մղմամբ և զարգացմամբ, և նշված գործընթացի ապագան մեծապես կորոշվի նաև տվյալ պաշտոններին նշանակված անձանցով:

Թե ինչպես կզարգանան իրադարձություները Վրաստանում, ցույց կտա ժամանակը, բայց մի բան հստակ է, որ եվրաինտեգրման գործընթացում Վրաստանի առջև կարող են ավելի հաճախ վառվել կարմիր լույսեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել