Մի թագավորության մեջ չորս եղբայր էին ապրում: Մեծը նկարիչ էր, և այնքան շնորհքով էր նկարում, այնքան բնական, որ կարծես ուր որ է նրա նկարները կենդանություն կստանան: Միջնեկ եղբայրներից մեկը հյուսն էր, նա էլ էր արդեն վարպետ ու շատ հարմարավետ աթոռներ էր պատրաստում, իսկ մյուսը`հացթուխ էր, բուրումնավետ հացեր էր թխում ու ախորժաբեր ուտելիքներ եփում:

Փոքր եղբայրը, որ իրոք դեռ փոքր էր և աղավնիներ էր պահում, բայց վաղուց փորձված այգեգործի համբավ ուներ: Նրա աճեցրած բանջարեղենների ու մրգերի նման համեղ բան, ուրիշ ոչ մի տեղ չկար: Եղբայրներն ապրում էին իրենց հայրական տանը հաշտ ու խաղաղ: Ծնողները չկային: Սակայն նրանց պատգամները սրբորեն պահպանում էին: Հայրը խրատել էր, որ եթե միշտ իրար հետ միասնական լինեն, հրաշքներ կգործեն, իսկ մայրը`որ ուր էլ գնան, եթե հայրենիքին վտանգ սպառնա` հասնեն օգնության: Բացի փոքրից, մյուսներն ամուսնացել էին, և հիմա արդեն ցանկանում էին նոր տներ կառուցել, ընտանիքներով առանձին ապրել: 
Իսկ այն թագավորությունում, որտեղ նրանք էին ապրում, գործերն այնքան էլ լավ չէին. երկրում թանկություն էր սկսվել: 
Թագավորը մի խորամանկ գանձապահ ուներ, որ գանձարանի հարստության մեծ մասը ծածուկ տանում էր տուն: Հետո, որպեսզի իրեն չկասկածեն, նա այդ հարստությունը տեղափոխում է եղբոր մոտ, իսկ ինքն իրեն տխուր է պահում, իբրև թե մտահոգ է երկրի հոգսերով: Այդպիսի տխուր տեսքով էլ նա մի անգամ դիմում է թագավորին.
-Ձե՛րդ գերազանցություն, համարձակվում եմ հայտնել, որ մեր երկրի ժողովուրդը շատ շռայլ է ապրում, խնայող չէ, և եթե այսպես շարունակվի, մենք շուտով լրիվ կսնանկանանք: Պետք է ժողովրդից ավելի շատ հարկեր հավաքել: 
Թագավորն էլ դյուրահավատորեն հրաման է արձակում, որ ժողովրդից կրկնակի հարկեր գանձեն, սակայն գանձարանը չի լցվում, որովհետև գանձապահը խորամանկորեն դրանց մեծ մասն էլ է յուրացնում: Արդյունքում ժողովրդի վիճակն ավելի է վատանում, և ոմանք լքում են երկիրը: Աշխատանք չկար և չորս եղբայրներն էլ նույնպես սկսում են վատ ապրել և որոշում են, որ փոքր եղբայրը մնա, իսկ իրենք` երեքով, ընտանիքների հետ ժամանակավորապես գնան օտար երկրներ, մեծը` հյուսիս, միջնեկներից մեկը` արևելք, մյուսը` արևմուտք: Այդպես էլ անում են: Օտար երկրներում նրանց շնորհքն ու արվեստը բարձր են գնահատում, նրանք լավ են վաստակում և հայրական տունը պահող փոքր եղբորն էլ պարբերաբար օգնում են: 
Թագավորը տեսնում է, որ իր երկիրն օր օրի ավելի է աղքատանում, ու բնակիչները թողնում-հեռանում են երկրից, պահանջում է գանձապահից, որպեսզի բացատրի պատճառը:
-Ձե՛րդ մեծություն,-նորից մտահոգված տեսք ընդունելով ասում է գանձապահը,-այժմ մեր երկրում խաղաղություն է, իսկ այսքան մեծ բանակ պահելը` շռայլություն: Արքունիքի հաշվին մենք շատ զինվորներ ենք կերակրում, ավելորդ զենքեր գնում: Պետք է զինվորների թիվը պակասեցնել և խնայված ծախսերով լցնել գանձարանը:
Թագավորը միամտաբար հենց այդպես էլ վարվում է, զինվորների մեծ մասին ազատ է արձակում, իսկ նրանց հասանելիքը տալիս է գանձարանին, բայց դե խորամանկ գանձապահը դա էլ է տեղափոխում իր եղբոր տուն:
Հարևան թագավորն էլ նկատելով, որ այդ երկրի մեջ զինվորների թիվը պակասել է, անմիջապես հարձակվում է և հեռավոր գյուղերն ավերում:
Թագավորությունը հայտնվում է ավելի ծանր վիճակում, և թագավորն ստիպված հավաքում է իր մեծամեծներին, իմաստուններին ու զորապետներին և խորհուրդ հարցնում:
-Մենք պետք է անհապաղ զորահավաք անենք, որպեսզի փրկենք մեր երկիրը,-խստորեն արտահայտվում է սպարապետը, որը դժգոհ էր զինվորներ կրճատելու հրամանից:
-Բայց ինչպե՞ս կերակրենք զինվորներին, եթե գանձարանը գրեթե լրիվ դատարկ է,-իսկույն վրա է տալիս գանձապահը:
Իմաստուններից մեկն ասում է.
-Զուր մի վիճեք, ավելի լավ է գտնենք կախարդական սեղանիկը, որի մասին իմ ուսուցիչն է պատմել: Այդ սեղանիկից ուտելիքը երբեք չի պակասում, և այն կկերակրի մեր բանակը:
-Եվ մենք կավելացնենք մեր զինվորների քանակն ու կհաղթենք թշնամուն,-ուրախությունից ծափ է տալիս սպարապետը:
-Եվ կլցնենք մեր գանձարանը,-հետ չի մնում իր կարծիքն ասելուց գանձապահը` մտածելով, թե ինչպես պետք է այն նորից դատարկի:
-Իսկ որտե՞ղ է այդ սեղանիկը,-ոգևորված հարցնում է թագավորը: 
-Քանի որ մեր երկիրը շատ ծանր վիճակում է,-հանգիստ բացատրում է իմաստունը,-և բնակիչներն էլ շատ մեծ կարիքի մեջ են, ապա անպայման նրանց մեջ կգտնվեն հրաշագործներ, որ կկարողանան ստեղծել անհնարինը:
Թագավորն էլ չի հապաղում և հրաման է արձակում.
-Թող հայտնի լինի իմ բոլոր հպատակներին, որ ով այսպիսի-այսպիսի սեղանիկ պատրաստի, նա կդառնա իմ առաջին վեզիրը և նաև…,-մի քիչ մտմտալուց հետո, հիշելով որ ինքը հեքիաթի թագավոր է, ավելացնում է,-նրան կնության կտամ իմ չքնաղագեղ աղջկան:
Մունետիկներն անմիջապես մեկնում են երկրի տարբեր կողմեր թագավորի նոր հրամանը տարածելու համար, իսկ գանձապահը գնում է եղբոր տուն և նրա մեծամիտ ու ամբարտավան որդուն բացատրում.
-Դու էլ պետք է որպես մունետիկ շրջես երկրով մեկ և առաջինը գտնես կախարդական սեղանիկի գաղտնիքը, որպեսզի դո՛ւ դառնաս մեծ վեզիր ու կնության առնես արքայադստերը: 
Մեծամիտ տղայի աչքերը փառատենչությունից փայլում են, և նա, մունետիկի նման հագնվելով մեկնում է քաղաքից քաղաք, գյուղից գյուղ և հետևում, թե ով իչպես է թագավորի հրամանը կատարում:
Շատերն են, իհարկե, վեզիր դառնալու և արքայադստերը կին առնելու նպատակով ցանկանում կախարդական սեղանիկ պատրաստել, բայց ոչ մեկի մոտ դա չի ստացվում, որովհետև ճիշտն ասած, դա այնքան էլ հասարակ բան չի:
Չորս եղբայրներից փոքրը, որ հայրական օջախում էր մնացել, լսում է թագավորի հրամանը և հասկանում, թե ինչ իրական վտանգ է սպառնում երկրին: Իր աղավնիների ոտքերին նամակներ ամրացնելով` բաց է թողնում: Աղավնիները թռչում են տարբեր ուղղություններով և նամակները հասցնում են եղբայրներին: Նրանք էլ իրենց գործերը թողնելով կիսատ, անմիջապես վերադառնում են հայրենի տուն: Չէ՞ որ ծնողները պատգամել էին, որ երբ հայրենիքը վտանգի մեջ է, օգնեն նրան, և եթե միասնական լինեն, հրաշքներ կգործեն:
Առանց ժամանակ կորցնելու` նրանք ձեռնամուխ են լինում կախարդական սեղանիկ պատրաստելու գործին, բայց ոչ թե վեզիր դառնալու կամ արքայադստեր հետ ամուսնանալու համար, այլ որ փրկեն հայրենիքը: 
Օտար երկրներում իրարից առանձին ապրելով` նրանք ավելի էին հմտացել իրենց արհեստների և արվեստների մեջ: Առաջինը նկարիչ եղբայրը գործի անցավ: Նա մի գեղեցիկ սեղանիկ նկարեց, որի վրա ամեն տեսակի ուտելիքներ էին դասավորված: Հյուսն եղբայրն էլ իր վարպետությունը ցուցադրեց. նկարին համապատասխան պատրաստեց հրաշակերտ սեղանիկը, խոհարար եղբայրը համեղ ուտելիքներ եփեց և դրեց նրա վրա, իսկ փոքր եղբայրն իր այգու բանջարեղեններով ու մրգերով զարդարեց այն: Նրանք զմայլված նայեցին իրենց հիասքանչ ստեղծագործությանը, իսկ երբ միասնական կանչեցին պապերի խոսքը` ՙիրուր խետ՚, սեղանը կարծես շնչեց և կենդանացավ: Նրանք շատ էին հոգնել, օրերով արթուն էին մնացել, նույնիսկ մի քիչ էլ քաղցած էին և օգտվեցին սեղանիկի վրա եղած բարիքներից, իսկ այնտեղից ոչինչ չպակասեց: Այո՛, հրաշակերտ սեղանիկը ճիշտ էր պատրաստված: 
Գանձապահի մեծամիտ զարմիկը, այդ ողջ ընթացքում աննկատ հետևել էր նրանց և արդեն իրեն վեզիր էր պատկերացնում, բայց դե մի քիչ էլ պետք է համբերեր, որպեսզի որևէ կերպ չորս եղբայրներից խլեր հրաշակերտ սեղանիկը: Մունետիկի նման հագնված` նա այցելում է եղբայրներին և կեղծ լաց լինում` ասելով, թե ինչքան վատ է երկրի վիճակը, իսկ ինքը ինչքան շատ է սիրում հայրենիքը, և ինչքան կարևոր է, որ սեղանիկը շուտ պալատ հասցնեն: 
Եղբայրները սեղանիկի ոտքերը քանդում են, որից հնարավոր է լինում նրա վրա եղած ուտելիքը հավաքել, այս ամենը փաթեթավորում են ու կեղծ մունետիկի կառքով գնում են դեպի պալատ: Երբ մի քիչ մթնում է, խարդախ մունետիկն ասում է.
-Արդեն հոգնած եք, լավ կլինի գիշերեք մեր տանը, սեղանիկն առավոտյան կտանենք արքայի մոտ:
Եղբայրներն ինչ անեն, համաձայնում են, իսկ այնտեղ գանձապահն արդեն նրանց էր սպասում: 
-Վա՜յ, բարով եք եկել, դուք մեր երկրի փրկիչներն եք, ձեր համբավն արդեն հասել է այստեղ: Իսկ կարո՞ղ եք ցուցադրել կախարդական սեղանիկի զորությունը, կարո՞ղ ենք ճաշակել դրա բարիքներից: 
Եղբայրները, ուշադրություն չդարձնելով գովեստներին, նորից հավաքում են սեղանիկը, և նրա վրա հայտնվում են լիուլի ուտելիքներ: Գանձապահն իր ագահ եղբոր հետ վրա են տալիս, ուտում-ուտում են, քիչ է մնում տրաքվեն, բայց սեղանիկից ոչինչ չի պակասում, դեռ մի բան էլ կարծես ավելանում է: 
-Բավական է, բավական, քանդեք, սեղանիկին քերծվածքներ կան, դա պալատ տանելու բան չէ,-հրամայում է գանձապահը,-ինչ-որ բան ճիշտ չեք արել, մենք կշտկենք, հիմա դուք կմնաք այստեղ և կպատրաստեք նոր սեղանիկ, ավելի լավը:
Նրա կարգադրությամբ չորս եղբայրներին իջեցնում են նկուղ և դուռը կողպում: Իսկ ինքը, վերցնելով սեղանիկի նկարը, տանում է թագավորին ցույց տալիս ու ասում, որ դա իր զարմիկն է պատրաստել, թող բոլոր մեծամեծները հավաքվեն, որ հրաշք սեղանիկը տեսնեն: Գանձապահի ագահ եղբայրը դեռ քաղցած էր մնացել, և մինչև վերջին փշուրը ուտում է սեղանիկից հավաքված կերակուրը, իսկ նրա կինը արագ-արագ փաթեթավորում է սեղանիկը ու տալով որդուն` շտապեցնում է պալատ, որովհետև ժամ առաջ է ցանկանում, որ իր տղան տիրանա վեզիրի պաշտոնին ու արքայադստերը: 
Երբ պալատում բոլորը հավաքվում են, գանձապահի ագահ եղբայրն ու նրա ամբարտավան որդին ներկայանալով որպես հերոսներ` սեղանիկի ոտքերը տեղադրում են: Սեղանիկը բոլորին էլ դուր է գալիս, իրոք որ շատ գեղեցիկ էր, սակայն այն մնում է դատարկ: Գանձապահը կարգադրում է պալատական խոհարարներին ուտելիքներ բերել և դասավորել սեղանիկին, դա էլ չի օգնում, որովհետև սեղանիկը շարժվում է, երբ ինչ որ բան են դնում նրա վրա, թափում է ցած:
Գանձապահը զարմացած նայում է ագահ եղբորը, նա էլ շվարած` իր գոռոզ որդուն, իսկ սա բոլորովին չի շփոթվում և արագ-արագ ասում է.
-Հա՜յր իմ, վազ տամ տուն գամ, մոռացել եմ մի կարևոր բան:
Նա գնում է տուն, իջնում նկուղ, և չորս եղբայրների մոտ լաց լինում.
-Այ, դուք ձեզ համար այստեղ հանգիստ աշխատում եք, իսկ դրսում թշնամին մխրճվել է երկրի խորքերը: Պետք է արագացնեք նոր սեղանիկի պատրաստումը: Հա,-կարծես իմիջիայլոց հարցնում է,-իսկ կասե՞ք ինչու է նախորդ սեղանիկը շարժվում, և իր վրա ուտելիք չի պահում: 
-Սեղանիկը չի շարժվի, եթե նրա ոտքերը դասավորեք այնպես, ինչպես որ նկարի մեջ է, նրանց վրա հատուկ նշաններ-խազեր են արված,-բացատրում են նկարիչ ու հյուսն եղբայրները:
-Լա՜վ-լա՜վ, իսկ դուք արագացրեք, մի ծուլացեք,-ասում է արդեն իրեն վեզիր պատկերացնող տղան և վազում պալատ: Նա քանդում է սեղանիկի ոտքերը, և նորից հավաքում, այս անգամ արդեն նկարի վրա արված նշաններին համապատասխան:
Արդեն ինչ դնում են սեղանիկին չի թափվում և գանձապահը հաղթականորեն բոլորին հրավիրում է ճաշկերույթի: Բայց երբ պալատականները համտեսում են ուտելիքները, նրանք արագորեն սպառվում են և նորից սեղանիկը մնում է դատարկ: 
Գանձապահը շվարած նայում է ագահ եղբորը, նա էլ` իր որդուն. իսկ սա առանց շփոթվելու ասում է. 
- Հա՛յր իմ, վազ տամ տուն գամ, մոռացել եմ ևս մի կարևոր բան, գնամ բերեմ:
Նորից գալիս է տուն, իջնում չորս եղբայրների մոտ ու աղիողորմ լաց լինում.
-Դուք հանգիստ աշխատում եք, իսկ թշնամին գրեթե մտնում է քաղաք, արագացրեք նոր սեղանիկի պատրաստումը: Հա,-կարծես իմիջիայլոց ավելացնում է նա,-նախորդ սեղանիկն այլևս չի շարժվում, սակայն նրա վրա եղած ուտելիքներն ինչո՞ւ են սպառվում: 
-Սեղանիկի վրա պետք է դրված լինեն միայն մեր եփած կերակուրներն ու մեր աճեցրած պտուղները,- բացատրում են խոհարար ու այգեպան եղբայրները: 
-Լա՜վ-լա՜վ,-ասում է գոռոզ տղան,- արագացրեք, մի ծուլացեք, մեր երկիրը վտանգված է:
Նա խոհարարին ստիպում է կերակուրներ եփել, իսկ մորն ուղարկում է եղբայրների հայրական տուն, որ նրանց այգու մրգերն ու բանջարեղենները քաղի բերի: 
Այդ ընթացքում տեսնելով, որ գանձապահի գոռոզ զարմիկն ուշանում է, սպարապետը, որ մինչ այդ էլ նրա պահվածքի մեջ ինչ որ կասկածելի բան էր նկատել, իր զինվորականներից մեկին ուղարկում է նրան գաղտնի հետևելու: 
Վերջապես մրգերն ու բանջարեղենները բերում են, իսկ խոհարարն էլ ուտելիքները պատրաստում է, և գոռոզամիտ տղան դրանք հասցնում է պալատ ու սեղանիկին դասավորում ճիշտ այնպես, ինչպես նկարի մեջ է:
Սեղանիկի ուտելիքները նույնպես շատ գեղեցիկ են, բոլորին էլ հիացնում են, սակայն ով մոտենում է, որ ինչ-որ բան վերցնի, հնարավոր չի լինում, սեղանից ոչինչ չի պոկվում. 
- Վազ տամ տուն գամ, էլի մոռացել եմ ինչ-որ բան, գնամ-բերեմ: 
Սակայն երբ ուզում է դուրս գալ պալատից, սպարապետը նրա դեմը կտրում է.
-Դու ոչ մի տեղ էլ չես գնա, խաբեբա,-խիստ տոնով ասում է նա, ապա դիմում թագավորին,-Ձե՛րդ գերազանցություն, հիմա ամեն ինչ կբացատրեմ: Իմ հետախույզները պարզել են, որ գանձապահը գաղտնի կապեր ունի թշնամի թագավորի հետ և նրան խոստացել է կախարդական սեղանիկ տալ շատ մեծ պարգևի դիմաց: Ես արդեն պատռել եմ դավադիրների դիմակը, թո՛ւյլ տվեք ձերբակալել նրանց: 
Թագավորը վարանելով համաձայնություն է տալիս: Սպարապետի զինվորներն անմիջապես շղթայում են դավաճան գանձապահին և նրա խաբեբա զարմիկներին:
-Իսկ հիմա բերեք կախարդական սեղանիկի իրական հեղինակներին,-ասում է սպարապետը և չորս շնորհալի եղբայրները ներս են մտնում:
Եղբայրները համեստորեն խոնարհվում են արքայի առաջ, ապա մոտենում են սեղանիկին, և բոլորը միասին կանչում են «իրուր խետ»: Այդ կախարդական խոսքերից սեղանիկի վրա դրված ուտելիքները կարծես շունչ են առնում, նրանց բուրմունքը տարածվում է ողջ պալատով ու բոլորի ախորժակները բացում:
Թագավորն ու պալատականներն օգտվում են սեղանիկից: Նրանք այսքան համեղ ուտելիքներ երբեք չէին կերել, ուտում-ուտում են և զարմանում են, որ ոչինչ էլ չի պակասում: Բոլորն էլ ուրախանում են ու փառք տալիս թագավորին, սպարապետին, իմաստունին և իհարկե, չորս եղբայրներին:
Եղբայրները երկրորդ սեղանիկն էլ են հաջողությամբ փորձարկում, իսկ սպարապետը դրանք տանում է բանակ ու վստահորեն զորահավաք կազմակերպում: Նա հայտնաբերում է նաև գանձապահի թաքցրած հարստությունը. դրանով ժամանակակից զենք ու զրահ է ձեռք բերում ու զինում բանակը: Բանակը հզորանում է ու թշնամուն վռնդում երկրից, ապա ազատագրում նաև այն գյուղերն ու քաղաքները, որ թշնամին գրավել էր շատ ավելի վաղ` իրենց պապերի օրոք: 
Թագավորն իր խոստումը կատարում է, փոքր եղբորն ամուսնացնում է արքայադստեր հետ և նշանակում առաջին վեզիր: Երեք եղբայրներով նոր տներ են կառուցում, իսկ Երկիրը լքածներն էլ աստիճանաբար վերադառնում և շենացնում են իրենց պապենական օջախները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել