Շատերս լսել ենք, ոմանք նույնիսկ ունեն այս թղթադրամից: 2 դոլարանոց՝ հազվադեպ հանդիպող և հետաքրքիր պատմություն ունեցող ամերիկյան թղթադրամ:
2 դոլարանոց թղթադրամն առաջին անգամ թողարկվել է 1775 թ.-ին: Այդպիսի թղթադրամներ այն ժամանակ թողարկում էին նաև առանձին նահանգներ. Մերիլենդը՝ 1770 թ.-ից, Նյու Յորքն ու Հյուսիսային Կարոլինան՝ 1775 թ.-ից, Ջորջիան ու Նյու Հեմփշիրը՝ 1776-ից: Առաջին քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1861-65 թթ-ին, շատ նահանգներ սկսեցին իրենց թղթադրամները տպել՝ այդ թվում և 2 դոլարանոց:

 

1862 թ-ի թողարկում

Տարբեր ժամանակներում 2 դոլարանոց թղթադրամներըը տարբեր տեսք են ունեցել: Եվ միայն 1869թ-ին՝ լուրջ փոփոխությունների ենթարկվելուց հետո, վրան հայտնվեց ԱՄՆ երրորդ նախագահ և «Անկախության հռչակագրի» հեղինակ Թոմաս Ջեֆֆերսոնի պատկերը: Իսկ արդեն 1928 թ.-ի տարբերակի մի երեսին պատկերված էր Ջեֆֆերսոնը, իսկ հակառակ կողմում նրա կալվածքը՝ Մոնտիչելլոն:

1928 թ-ի թողարկում

 

Սակայն հենց թողարկման պահից՝ այս թղթադրամին չհաջողվեց հետաքրքրություն առաջացնել ո՛չ բնակչության, ո՛չ բանկերի մոտ:
Նոր թղթադրամից դժգոհությունները մի քանիսն էին: Ամենատարածված պատճառներից մեկն այն էր, որ 2 դոլարանոցի համար դրամարկղի մեջ առանձին տեղ հատկացված չէր: Այստեղից էլ ծնվում էր երկրորդ դժգոհության պատճառը. երբեմն 2 դոլարանոցները շփոթում էին մեկ դոլարանոցի հետ և ավել մանր տալիս: Բացի դրանից, ժողովրդի մեջ տարածվել էր սնահավատություն, որ 2 դոլարանոցն անհաջողություն է բերում: Դա գալիս էր դեռևս խաղամոլներից, ովքեր 2-նոց խաղաքարտն անհաջող էին համարում, քանի որ դա ամենացածրն էր:
Այս ամենը նպաստեց նրան, որ նույնիսկ առևտրականները սկսեցին 2 դոլարանոց թղթադրամները խանութներում չընդունել:
Այդպիսով, 1966 թ.-ին թողարկվեց վերջին տպաքանակը, իսկ նույն թվականի օգոստոսի 10-ին 2 դոլարանոցի թողարկումը կասեցվեց:
Եվ միայն 1976 թ.-ին՝ «Անկախության հռչակագրի» ստորագրման 200-ամյակի կապակցությամբ, թողարկվեց հոբելյանական 2 դոլարանոց թղթադրամ, որի հակառակ կողմում պատկերված էր ԱՄՆ «Անկախության հռչակագրի» ստորագրման պահը հավերժացնող կտավը:

 

1976 թ.-ի թողարկում

Կտավը պատկանում է հայտնի ամերիկացի նկարիչ Ջ. Տրամբուլլային և կոչվում է «Անկախության հռչակագրի ստորագրումը»: Նրանում պատկերված է 1776 թ.-ի հուլիսի 4-ի Երկրորդ Մայրցամաքային կոնգրեսի նիստը, որում և հայտարարեց Մեծ Բրիտանիայից 13 հյուսիսամերիկյան նահանգների անկախության մասին: Նկարում հստակ պատկերված է այն պահը, երբ Ջեֆֆերսոնը՝ անկախության հռչակագրի նախապատրաստման հանձնախմբի ևս 4 անդամների հետ, հռչակագրի նախագիծը փոխանցում է Մայրցամաքային կոնգրեսի նախագահ Հենկոկին՝ ստորագրման համար (աջից՝ բազկաթոռի մեջ նստած): Նկարում պատկերված էին 47 մարդ, բայց թղթադրամի վրա տեղավորվեց միայն 44-ը:

Ջոն Տրամբուլլայի «Անկախության հռչակագրի ստորագրումը» կտավը, 1817-19թթ

Մասնակիցների ցուցակը

 

1976 թ.-ի հոբելյանական 2 դոլարանոցը թողարկվեց միլիոնավոր օրինակներով, բայցևայնպես, ամենաշրջանառվող թղթադրամը համարվում է 1 դոլարանոցը: Այն զբաղեցնում է ընդհանուր շրջանառվող ԱՄՆ թղթադրամների 47%-ը: 
Նայելով Պիկի «Աշխարհի թղթադրամները» կատալոգը՝ կհամոզվեք, որ 1963 թ.-ի թողարկմամբ (հետևի կողմում Մոնչիտելլոն), ամբողջովին նոր 2 դոլարանոցն արժե 4.5 դոլար, իսկ 1976 թ.-ի թողարկմանը՝ 4 դոլար: Իսկ ամբողջովին նոր 1 դոլարանոցը՝ 2 դոլար: Այսօր ևս 2 դոլարանոց թղթադրամներ թողարկվում են և գտնվում են շրջանառության մեջ: Հազվագյուտ են 1976 թ.-ին թողարկվածները:
Հետաքրքիր մի փաստ ևս՝ կապված կտավի, իսկ այնուհետև թղթադրամի վրա պատկերված «գլխարկով մարդու» հետ: Հասարակությունը տարբեր լեգենդներ է հյուսում այդ անձի շուրջ, բայց նա ոչ այլ ոք, քան Ստիվեն Հոպկինսն է՝ ամերիկյան քաղաքական գործիչ, Ռոդ Աիլենդ գաղութի նահանգապետը, ԱՄՆ անկախության առաջամարտիկներից: Բայց թե ինչու՞ է նա գլխարկով, պատմությունը լռում է այդ մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել