Դիվերսանտների դատ. Շահբազ Գուլիևի վնասազերծման մանրամասներըArmnewsTV.am-ը գրում է.

Շահբազ Գուլիեւին ձերբակալել են ոչ թե հատուկ ստորաբաժանումները, այլ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի աշխատակիցները: Այսօր մանրամասները ներկայացրել են ականատեսներն ու մասնակիցները: Դեպքերը հաջորդել են Սմբատ Ցականյանի անհետանալուն: Շահումյանի շրջանում այդ մասին գիտեին: Բնակիչներն ավելի զգուշավոր եւ ուշադիր էին: Ոստիկանության Շահումյանի շրջբաժնի աշխատակից Ռոբերտ Ադիբեկյանի մայրը կեսօրին շտապ տուն է մտել ու հայտնել, թե տնից ոչ հեռու անծանոթների է նկատել: Ռոբերտը քաղաքացիական հագուստով էր: Գնացել է մոր ցույց տված ուղղությամբ եւ նկատել հեռացող 2 անծանոթների: Մեկի մոտ երեխա նկատելով` նախընտրել էր հենց նրան մոտենալ` հընթացս բաժնի աշխատողներից մեկին զանգելով եւ եղածի մասին տեղեկացնելով: Անծանոթը Գուլիեւն էր, նա ասել էր, թե վրացի է:

Անծանոթը չի իմացել, որ եկողը ոստիկան է: Ռոբերտն առաջարկել է երեխաներին բաց թողնել` խոստանալով մնալ նրանց փոխարեն: Գուլիեւը համաձայնել է` պահանջելով ձի եւ երկու պարկ: Ռոբերտը երեխաներին ուղարկել է պահանջածը բերելու, և զբաղեցրել է անծանոթին: Նույն ժամանակ Ռոբերտի մայրն արդեն հասցրել էր ահազանգել շրջբաժին: Ոստիկանները հասցրել են Ռոբերտի հետ խոսել: Գուլիեւի պահանջով` նա զանգերին ռուսերեն է պատասխանել: 

Շարունակությունն ավելի շատ մարտաֆիլմ է հիշեցնում: Սկզբում Ռոբերտի հայրն է մոտեցել: Սկսել են զրուցել: Հետո ոստիկանության երկու աշխատակից են մոտեցել, զգուշացրել, որ Գուլիեւը նշանառուի հսկողության տակ է, եւ առիթն օգտագործելով զինաթափել նրան ու շրջբաժին տեղափոխել:

Գուլիեւը ոչ բոլոր վկաների հետ է համաձայն: Հարցեր չունի: Հայտարարություն է անում: Վստահեցնում է` ինքը երեխաներին չի ցանկացել վնասել: Վկաները հակառակն են պնդում: Վկաներին հարցեր ուներ նաեւ Գուլիեւի դատապաշտպանը: Որքանո՞վ էր վտանգավոր իր պաշտպանյալի պահվածքը ձերբակալվելիս, բացահայտվելուց հետո նա հասցրե՞լ է որեւէ մեկին վնասել: Վկաների ցուցմունքներում մեղմացուցիչ հանգամանքներ չկային: Դատավարությունը շարունակվում է:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել