Ժողովրդական սովորույթներն ուսումնասիրելու նպատակով 1843 թ. Հայաստան այցելած Օ. Հակստհաուզենը նշում է, որ հայկական գերդաստանի ներսում կանանց վիճակը միանգամայն տարբեր է Ասիայի այլ ժողովուրդների հետ համեմատած. հայուհիներն ունեն. «հաւասարութիւն իրաւանց և արժանաւորութիւն… առ մահմեդականս կանայք ի ծառայ արանց լինել ծնեալք են քան թէ հաւասար նոցին … Եթէ այրն մեռաւ յառաջ քան զնա, կինն ունի զտեղի նորա և յիրաւունս ի մէջ գերդաստանին. ամենեքին հնազանդին նմա և յարգեն որպէս զնոյն ինքն զհայրն գլխաւորն տան (որպէս էր մայրն Աբովեանի), ուստի և չէ մարթ հաւա-սարել զնա ընդ արեւելեան կանայս. զի նա այսչափ յարգ և վարկ ունի` որչափ և ոչ կանայք Եւրոպիոյ»։Ռուս նշանավոր ճանապարհորդ ազգագրագետ Ն. Ալեքսանդրովը գրում է. «Կանանց դաստիարակումը զերծ չէր որոշ խստություններից, բայց այն չի կարելի անվանել ոչ ստրկություն, ինչպես մահմեդա-կանների մոտ, ոչ ճնշում»: Ահա թե ինչ է գրում Ա. Ելիսեևը. «Եվ, հիրավի, շատ տեղ այդ երկրում (խոսքը Թուրքիայի մասին է.– Ռ. Ն.) չկա մեկ տուն, որ կառուցած չլինի հայը, չկա մի տեղական կտոր, որ գործված չլինի հայի ձեռքով, չկա պտուղ, որ հայի այգուց դուրս եկած չլինի: Այդ բոլորի համար, անկասկած, աշխատասեր և եռանդուն հայը շատ բանում պարտական է յուր գլխավոր օգնական կնոջը: Միշտ գործունյա հայուհին ճշմարտապես կարող է համարվել հայ ազգության գլխավոր հենարանը: Հայ կինը այն շաղախն է, որ միացնում և ամրապնդում է հայ գերդաստանը, ընդ սմին և հայ ազգությունը գլխովին... անկասկած, Արևելքում այդ արժանավորագույն կանանցից մեկն է հայ կինը... Հայուհին ամուր պահպանելով գերդաստանի միությունը, ամուսնական անկողնու մաքրությունն և ընտանեկան օջախի սրբությունը, դրանով պահպանել է քայքայման հաճախ մերձ եղած յուր ազգի ամբողջությունը... Անխոնջ աշխատասիրությունը հայուհու կյանքի անբաժան հատկանիշն է` գլխավոր առաքինություններից մեկը»։ Հայ կնոջ տնտեսվար ու գնահատված դերի մասին է բանագետ Ս. Հարությունյանի հետևյալ բնորոշումը` «Հա անկնիկ տուն, հա անալյուր ջաղաց»: Տղամարդու պատիվը բարձրացնողն էլ է կինը, պատվազուրկ անողն էլ: Հատված՝ Ռաֆիկ Նահապետյանի «ԿԻՆԸ ՀԱՅՈՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ (Ըստ սասունցիների ազգագրական սովորույթների)» աշխատության։Շատ տեղերում, մանավանդ քաղաքներում, թուրքերեն լեզուն հայ մարդու բերանում սովորական է դարձել, բայց ես չտեսա մի հայ կին, որ խոսեր թուրքերն կամ գիտենար այդ լեզուն: Հայոց լեզուն ընտանիքի մեջ պահպանողը և իր զավակների բերանը դնողը հայ կինն է: Նա իր հեղինակությունը բանեցնում է մինչև անգամ օտարների վերաբերությամբ: Հայերի տներում ծառայող քրդերը և քրդուհիները բոլորը հայերեն են խոսում: Կինը տվեց մեզ լեզու, ազգություն և պահպանեց հայ ընտանիքի բարոյական նորմերը։
Րաֆֆի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել