Կյանքս գլխապտույտ է հիշեցնում: Արագ վազող օրեր, ակտիվ կյանք : Ինձ   տեսնում եմ երթուղային սպասելիս, հետո շատ արագ հայտնվում եմ համալսարանում՝ սուրճ պատրաստող սարքի դիմաց . արդեն երկար դասամիջոցն է : Աչքս թարթում եմ՝ քաղաքի կենտրոնում եմ, էլի  ինչ-որ գիրք եմ փնտրում : Հետո ևս մի ակնթարթ ու ես տանն եմ: Էլի միքանի վայրկյան ու ես արդեն անկողնում պառկած եմ,պետք է քնել  : Քնելուց առաջ նույնիսկ չեմ  հասցնում երազել, ինչ-որ բան մտածել, ինչ-որ  բան ծրագրել,որովհետև ժամանակ չկա .եթե ես հիմա երազանքների գիրկն ընկնեմ՝ առավոտյան շատ թանկ եմ վճարելու դրա համար : Ինձ համար  կարևոր է դարձել քնելու ամեն մի հատվածը : 
Ամբողջ սենյակովս մեկ հագուստ ու գիրք է: Հետո  հավաքում եմ սենյակս, հետո էլի թափված է : Տետր եմ կորցնում...Գտնում եմ...Էլի եմ կորցնում: Խառնաշփոթ,տետրեր, լեկցիաներ.ամեն բան իրար է խառնվել :  Այդ ամբողջ  քաոսի մեջ երբեմն-երբեմն ինչ-որ դեմքեր եմ նկատում : Մարդիկ են գնում...գալիս...անհետանում, վերադառնում...Չեմ հասկանում՝ ինչ են անում : Ու վազում եմ, վազու՜մ...
Այս ամենը  հիշեցնում է  "Limitless" ֆիլմից մի հատված,երբ  հերոսը  շատ արագ կերպով մի տեղից մյուս տեղում է հայտնվում : Կյանքս ֆիլմի այդ հատվածն է դարձել : Կյանքս ֆիլմ է հիշեցնում :
Երեկ նույնպես վազում էի : Գիշերը: Ընկերուհուս ձեռքը բռնած՝ քարշ էի տալիս Ամիրյան փողոցով : Ես դանդաղ չեմ կարողանում քայլել : Միշտ շատ արագ եմ քայլում : Ընկերուհիս  ատում է այդ բնավորությունս : Երկուսս էլ գիտակցում ենք, որ   անհնար է ինչ-որ բան փոխել : Նրան  մնում է միայն  ատամներն իրար սեղմել, բռնել ձեռքս, որ ճանապարհին ինձ չկորցնի ու քթի տակ  ինձ անիծելով քարշ  գալ ետևիցս  :
Քայլում էինք ու խոսում : Քննարկում,  բամբասում, կատակներ անում...արդեն չեմ հիշում :  Այդ հատվածն անդառնալի   ջնջվել է ուղեղիցս, որովհետև  կատարվեց մի բան, որն ամբողջովին ամեն ինչ տակնուվրա արեց:
Ի՞նչ կատարվեց : Իրականում՝ ոչ մի արտասովոր բան : Շատ հասարակ  միջադեպ տեղի ունեցավ:
 Մեր դիմաց դուրս եկան երկու տղաներ:Քայլում ու խոսում էին :Տղաներից մեկն աչքերիս մեջ էր նայում ու ժպտում : Ընկերոջ ասածներին էլ  գլխի ժեստով էր պատասխանում . լսում է : Այդ  հանդիպումը տևեց միքանի վայրկյան: Տղան աչքերիս մեջ նայեց  այնքան ժամանակ, մինչև որ իրար ուսի թեթևակի քսվելով անցանք  իրար կողքով : Ես գլուխս հետ թեքեցի: Հասցրի տեսնել, որ նա էլ նույն  ժեստը կրկնեց : Ժեստերի փոխանակում էր : Կամ՝ նմականում : Չգիտեմ: Համենայն դեպս հետաքրքիր  ստացվեց: Արագ գլուխս ուղղեցի: Ճանապարհին եմ նայում :
-Անժ, էն տղուն տեսա՞ր
-Հա, լավն էր ,չէ՞
-Ըհը,թրաշով էր...Սիրուն էր :
Վերջակետ : Էլ ոչ մի խոսք այդ տղայի մասին: Ընկերուհուս հետ բաժանվեցինք խաչմերուկում : Քայլեցի դեպի կանգառ : Նստեցի երթուղային : Միացրի երաժշտություն : Ձեռքիս տակ ընկավ  Земфира-Трафик  :

 Кто придумал, скажи
Эти пробки? 


Հանկարծ միջովս ինչ-որ հոսանք անցավ : Արագ բացեցի աչքերս : Նայեցի երթուղայինի պատուհանից դուրս : Փողոցով քայլող այդ տղային հիշեցի ու զգացի, որ ինչ-որ բան կիսատ էր մնացել...

Ամբողջ ճանապարհին   Զեմֆիրան ականջներիս մեջ  երգում էր : Բարձր :  Արտաքին աշխարհի բոլոր ձայները խլացրել էի : Ես էի ու երաժշտությունս :
Փորձեցի  հիշել տղային .բարձրահասակ, լայն ուսերով,  ջինսե շալվար, մոխրագույն ժակետ, որի տակից երևում էր  սպիտակ վերնաշապիկը, ժակետին ամրացված էր սպիտակ գույն ունեցող  ՛՛կապյուշոն՛՛՛ ասվածը : Դեմքը կիսախավարի միջից եմ հիշում, որովհետև հենց կիսախավարի մեջ էլ տեսա : Կարճ մազեր ուներ, ՛՛թրաշով՛՛, ընդգծված այտոսկրեր, բարակ շրթունքներ, շատ սիրուն ժպիտ ու աչքերը...Սև՜,տա՜ք աչքերը: Ինքս ինձ որոշեցի, որ տղայի անունն Արման է : Հա, հաստատ գիտեմ : Արման : Ուրիշ ոչ մի անուն :  Ու էդպես էլ տղային Արման անունով կնքեցի:

Кто-то меряет
Время часами,
А я живу от зимы до зимы,
Мы с ним, видишь ли - тёзки. 


Ես չհասկացա՝ ինչ կատարվեց : Բայց սիրեցի այդ կերպարին, ում Արման անունով կնքեցի : Արմանն արդեն մոռացած կլինի իմ մասին, իսկ ես նրան մի ողջ գրառում եմ նվիրում : Նվիրում եմ, որովհտև....Չգիտեմ : Որովհետև  նա վերջին ժամանակաշրջանում միակ մարդն էր, ով նայեց աչքերիս մեջ : Չէ, ով հասցրեց աչքերիս մեջ նայել : Թե չէ բոլորը վազում են, իրար աչքերի մեջ նայելու ժամանակ չկա : Նույնիսկ իրար հիշելու, իրար կարոտելու ժամանակ չեն գտնում : Մինչդեռ տղան միքանի  վայրկյան նվիրեց աչքերիս մեջ նայելուն ու  ինձ անկեղծ ժպտալուն: Դա շատ կարևոր է : Իսկ եթե ես սկսեմ դանդաղ քայլել, միգուցե էլի սկսե՞ն աչքերիս մեջ նայել : Չնայած չէ, երբ Արմանն աչքերիս մեջ նայելով կողքովս անցնում էր՝  ինչպես միշտ վազում էի : Ուրեմն՝ խնդիրն արագ քայլելու մեջ չէ : Մարդիկ ուղղակի մոռացել են մարդկանց աչքերի մեջ նայել :


Я питаю себя чудесами,
Ну ты же всё понимаешь,
Ровно в три перекрёстка. 


Տուն վերադարձա զեմֆիրայոտ ու արմանոտ :  Ողջ  օրը ժպտացի  անծանոթ երիտասարդին: Ժպիտն էի հիշում ու ինձնից անկախ ես էլ էի ժպտում : Սիրահարվե՞լ եմ : Չէ՜,  նման վերջաբանն իմ  պես մարդկանց համար չափից դուրս տափակ ու  անհետաքրքիր կլինի : Ուղղակի միքանի ժամ   ապրում էի այն լավ ու դրական  լիցքերով, որն այդ տղան փոխանցեց ինձ  վայրկյանների ընթացքում :

Գիշերն էլ՝ քնելուց առաջ,  մտքումս Արմանին բարի գիշեր մաղթեցի ու խնդրեցի, որ հաճախ ժպտա :
Զեմֆիրան դեռ շատ երկար  երգեց ականջներումս : Արմանին այսօր էլ հիշեցի ու փողոցում շատ ուշադիր տղաների դեմքներին էի նայում :  Բայց Արմանին գտնելու համար ինձ  կիսախավար էր պետք: Ես սիրեցի Արմանին :Ուղղակի սիրեցի :  Չգիտեմ էլ՝ ինչու եմ այսքան համոզված երիտասարդի անվան վրա...
 Դուք կհարցնեք. իսկ ի՞նչ կանեի ես, եթե նրան նորից տեսնեի:
Նրան նորից տեսնելն ինձ համար  տափակ ու հիմար վերջաբան կլիներ : Ամեն ինչ այդ պահին էր գեղեցիկ : Բայց եթե կարողանայինք ժամանակը հետ տալ...
...Երբ ես գլուխս թեքեի ու  տեսնեի, որ նա էլ գլուխը թեքեց, ընկերուհուս ձեռքը մի պահ բաց կթողնեի,    կմոտենայի երիտասարդին ու...Կգրկեի : Ուղղակի կգրկեի ու շնորհակալություն կհայտնեի ժպիտի ու աչքերիս մեջ նայելու համար : Որովհետև դա հենց այն է, ինչի կարիքը ես հիմա ամենաշատն եմ զգում :
 Կան անծանոթներ, որոնք շա՜տ հարազատ են թվում :
Երբ փողոցով քայլելով տուն էի գնում՝  զգացի, որ բացի նրանից, որ կյանքս գլխապտույտի է նման՝  հենց հիմա էլ գլխապտույտ եմ զգում :  Բայց այս դեպքում  գլխապտույտի պատճառը հստակ հասկանում էի :   Գլխապտույտիս  առաջացման պատճառը տաք աչքերն ու սուր այտոսկրերն էին: Ես սիրեցի այդ գլխապտույտը :
Զեմֆիրայի այս երգն էլ ինձ միշտ անծանոթ, բայց հարազատ կիսախավար դեմք կհիշեցնի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել