Քաղաքական ուժերի միջև փոխհարաբերությունների համատեքստում դաշտում ստեղծված իրավիճակը աննախադեպ է։ Մասնավորեցնեմ՝
1. Վերջին 18 տարիներին չի եղել այնպիսի իրավիճակ, երբ քաղաքական ուժերը, մասնավորապես՝ ակտիվ գործողություններով զբաղվողները, տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաք անցկացնեն և իշխանություններին քննադատելու փոխարեն չարախնդան և պիտակավորեն իրենց քաղաքական օրակարգին չհարող ընդդիմադիր ուժերին։
2. Անկախության շրջանում դեռևս չէր եղել այնպիսի ուժ, կամ այնպիսի ուժերի դաշինք, ով/ովքեր հայտարարեին, որ իրենք ոչ թե ընդդիմադիր են, այլ «Ոչ իշխանական», իսկ միգուցե նաև ոչ ընդդիմադի՞ր։
3. Դաշտում առկա անհանդուրժողականության նման մթնոլորտ նորանկախ հանրապետության քաղաքական պատմության ընթացքում հնարավոր չէ գտնել։ Եվ այս դեպքում ևս անհանդուրժողականությունը ոչ թե դրսևորվում է իշխանությունների հանդեպ, այլ «հարթակում» չգտնվող քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների։
Հ.Գ. Վերոնշյալ օրինակները կարելի է երկար շարունակել, բայց սահմանափակվեմ այսքանով։ Այս իրավիճակում զավեշտալին այն է, որ տասնյակ հազարավոր քաղաքացիների ներկայությամբ «մի քանի տասնյակ ջղաձիգների» վերաբերյալ ելույթներով սահմանափակվեց «թեժ աշունը» և չնայած նրան, որ «իշխանությունը  խուճապի մեջ էր», «երբեք այնքան թույլ չէր, որքան հիմա», այնուամենայնիվ ՀՀ քաղաքացիները հիմա էլ անհամբեր սպասելու են «թեժ ձմռանը, գարնանը, ամռանը» և այսպես մինչև 2017 թվականի ԱԺ ընտրություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել