Ուզում եմ խոսել միայն կանանց հետ: Այսօր տղամարդկանց օրն է, երևի շատերդ եք շնորհավորել նրանց, բայց քանի մենակ ենք, ուզում եմ մի քանի հարց տալ:
Երբ սղոցում եք ձեր կողակցին նրա ինչ-որ թերության, կամ սխալի համար, արդյո՞ք մտածում եք, որ օրինակ` մի օր կարոտելու եք նրա սիգարետի թափած մոխրին, որ փնթփնթալով ամեն անգամ հավաքում եք հատակից, կամ նրա ոչ բավարար վաստակը երեսով տալիս մտածո՞ւմ եք, որ նա ավելի ծանր ապրումների մեջ է այդ թեմայով, ուղղակի դա քողարկում է սառած հայացքով անկապ ֆուտբոլ նայելով և վրա-վրա ծխելով: 
Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ մեծ երջանկություն է, երբ մեկը կողքիդ քնած է ու հանդարտ շնչում է: Չէ՛, չգիտեք, քանի որ, եթե այդ մեկը դեռ կա, դեռ քայլում է, շնչում, խոսում, ձեզ նյարդայնացնում, դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ դատարկ կլինի կյանքն առանց նրա: Ու բոլորովին պարտադիր չէ, որ նա հեռանա այս աշխարհից ֆիզիկապես: Նա աստիճանաբար կհեռանա ձեզանից, և ձեր կյանքը կդատարկվի: Ինչու եմ այսքան վստա՞հ: Որովհետև ցավոք արդեն լավ գիտեմ, թե ինչ է կյանքն առանց էմոցիայի, երբ ամեն բան իր տեղում է, երբ ամեն ինչ հենց իմ ուզածով է, երբ ես պայքարելու թեմա չունեմ: Ոնց ուզում եմ, ինչ ուզում եմ: Անում եմ մտքովս անցածը: Կասեք իդեալական վիճակ է: Գուլպա լվալու, ճաշ եփելու ռեժիմից ազատ եմ: Դե այո, կա նման բան, բայց սիրելի կանայք, հիշեք, ձեր կողքի տղամարդիկ հավերժ չեն, և գրանիտից չեն, նրանց հոգիներն էլ են մաշվում (մարմինների մասին չեմ ասում  Տղամարդը նույնպես մարդ է, թեկուզ և դժվար տանելի, բայց շատ կարևոր մարդ է Գնահատեք նրանց, սիրեք անձնվիրաբար: Աչք փակեք թերությունների վրա և նրանք փոխադարձաբար ձեզ կներեն: Հա, մի բան էլ: Երբ հիվանդագին խանդում եք, խնդրում եմ, մի քիչ իրատես եղեք: Միշտ չէ, որ ձեր տղամարդը մնացած կանանց երազանքների ասպետն էլ է  
Հ.Գ. Վերևում բերածս օրինակները հատուկ ուռճացված ու կոպիտ են: Ես գիտեմ, որ սա կարդացողները ավելի բարեկիրթ ու նրբանկատ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել