Մի անգամ երեք եղբայր զբոսնում են անտառում: Հանկարծ մի խոր փոս են նկատում, որտեղ նստած է լինում Երջանկությունը:
Եղբայրներից մեկը մոտենում է փոսին, կռանում և ասում է.

-Եթե ես շատ փող ունենայի, ես երջանիկ կլինեի:

Երջանկությունը նրան շատ փող է տալիս, և նա երջանիկ հեռանում է:

Մյուս եղբայրն է մոտենում փոսին և երազկոտ մտորումներով ասում.

-Եթե իմ կյանքը մի գեղեցիկ կին զարդարեր, ով միշտ իմ կողքին լիներ, ես հաստատ շատ երջանիկ կլինեի:

Երջանկությունը կատարում է նրա ցանկությունը. եղբայրը` նորահայտ կնոջով հիացած, հեռանում է:

Մոտենում է ամենակրտսերը:

-Իսկ քեզ ի՞նչ է պետք,- հարցնում է Երջանկությունը:

-Իսկ քեզ ի՞նչ է պետք,- նույն հարցն է տալիս նրան եղբայրը:

-Ես կուզեի, որ ինձ դուրս բերեիր այս փոսից:

Եղբայրը մեկնում է ձեռքը, օգնում Երջանկությանը դուրս գալ փոսից և գնում է իր ճանապարհով:

Իսկ Երջանկությունը վազում է նրա հետևից…

…Եթե ուզում ես երջանիկ լինել, երջանկացրո՛ւ ուրիշներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել