Հասան ՋեմալԹուրքիայում հաջորդ շաբաթ լույս է տեսնելու թուրք վերլուծաբան, քաղաքագետ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը:
Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականը ներկայացրել է հարցազրույցը գրքի հեղինակի հետ, ով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռն է և հայտնի է Թուրքիայում Մեծ եղեռնի ճանաչմանն ուղղված իր պայքարով:
Գիրքը բաժանված է մի քանի գլուխների, որոնցից յուրաքանչյուր տարբեր թեմաներ է քննարկում, որոնք կապված են Հայոց ցեղասպանության հետ: Առաջին գլխում ներկայացված է 2000-ականների զարգացումները, թե ինչպես Թուրքիայում սկսեցին խոսել Ցեղասպանության մասին: Խոսվում է հայերից ներողություն խնդրող հասարակական շարժումների մասին, որոնց ակտիվ անդամ է նաև Ջեմալը:
Հեղինակը մեկ ամբողջ գլուխ է նվիրել իր պապու`Ջեմալ փաշայի վերաբերյալ հուշերին:
«Ընտանիքում լսածս Հայոց ցեղասպանության մասին հետևյալն էր. «Առաջին աշխարհամարտին հայերը թշնամի ռուսների հետ էին համագործակցում: Այս պատճառով բռնագաղթ է եղել, պատերազմական դրություն, պատերազմական պայմաններ: Հայերի մի մասն այս ամենի հետևանքով է մահացել: Այդքանը»: Ընտանիքում կարծում էին, թե պապս տարբերվել է Թալեաթից և Էնվերից, որ հայերի համար անգամ որբանոցներ է բացել: Ես հաճախ էի հակաճառում ընտանիքիս` նշելով, որ նա մեղավոր է այդ քաղաքականության համար»,-նշում է գրքի հեղինակը:
«Ցավերը չպետք է լռության մատնվեն: 191 5թվականի ցավն անցյալ չէ, այն ներկայի մի խնդիր է»,-հավելում է Ջեմալ փաշայի թոռը:


Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել