Հայաստանում արդեն բնապահպանական լրջագույն խնդիր է դարձել ջրային ռեսուրսների կառավարումը: Այսօր առկա են ջրերի արդյունաբերական և կենցաղային աղտոտման, ջրային ռեսուրսների էական կրճատման, ջրային էկոհամակարգերի խախտման լուրջ խնդիրներ: Արարատյան դաշտավայրում գործող բազմաթիվ ձկնաբուծարաններ տարիներ ի վեր անխնա շահագործում են խորքային հորերը, ինչի հետևանքով զգալի չափով նվազել են ջրային ռեսուրսները: 
Արարատյան արտեզյան ավազանի պաշարները նվազել են այն աստիճան, որ երեք տասնյակից ավելի համայնքներ ամբողջությամբ կամ մասամբ զրկվել են ինքնաշատրվանող ոռոգման և խմելու ջրից: Ըստ որոշ հաշվարկների՝ մի քանի տարի առաջ միայն Արարատյան դաշտավայրում առկա մոտ 230 ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին վերցնում արտեզյան ավազանից: Համեմատության համար նշենք, որ Սևանից ոռոգման նպատակով տարեկան թույլատրվում է վերցնել ընդամենը 170 մլն խմ ջուր: Ակնհայտ է, որ Հայաստանը էկոլոգիական աղետի է ենթարկվում, իսկ անխնա օգտագործվող ջրերով՝ մի քանի մարդկանց գրպաններն են լցվում:
Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի խնդրի լուծման համար պետական իրավասու մարմինների կողմից Սևանա լճից պարբերաբար հավելյալ ջրաքանակ է բաց թողնվում: Իսկ լճի մակարդակի հաճախակի տատանումները կարող են հանգեցնել Սևանի ճահճացմանը և էկոհամակարգի խախտմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել