Անցնող շաբաթը թեպետ հարուստ չէր քաղաքական ակտիվ պրոցեսներով, սակայն գնահատականների պակաս, ըստ երևույթին, չեղավ: Հայաստանում հասարակությունը չափազանց քաղաքականացված է, ընդ որում կարծիքները և թեկուզ մասնագիտական վերլուծությունները, ցավոք, հաճախ արվում են իռացիոնալ դաշտում՝ իրենց տեղը զիջելով առողջ բանականությանն ու փաստարկված վերլուծությանը: Սա, ի դեպ, որոշակիորեն ազդում է նաև քաղաքական ուժերի վարքագծի վրա, որոնք, լինելով քաղաքական օրակարգ թելադրողներ, երբեմն ընկնում են իրենց իսկ լարած ծուղակը և ամեն անգամ հասարակությանը հաշվետու լինելու փոխարեն, ստիպված լինում այս կամ այն կերպ արդարացնել իրենց քայլերը: Ընդդիմության պարագայում, դա գուցե ընդունելի է, քանի որ այլ գործառույթ, քան իշխանության բացթողումները թվարկելը և հասարակության մի լայն, հիասթափված ու դժգոհ զանգվածի շահերը ներկայացնելը նա չունի, մանավանդ, որ այսօրվա ընդդիմության շարքերում կանգնած են մարդիկ, ովքեր ի վիճակի են տալու քաղաքական գնահատական և խոսել համոզիչ փաստարկներով: Դա է ստիպում ոչ միայն քաղաքական պրագմատիզմը, այլ նաև նրանց անցած քաղաքական ուղին ու ներկայիս կարգավիճակը: Երկրում իրավիճակը խիստ տարբերվում է նախորդներից նրանով, որ այսօր հրապարակում իրար կողքի կանգնել են ուժեր, որոնց քաղաքական կուրսն ու կողմնորոշումն էապես տարբերվում են միմյանցից: Անցումային և զարգացող երկրներում դա բավականին բարդ պրոցես է, մանավադ, երբ քաղաքականությունը Հայաստանում անձնավորված բնույթ է կրում, իսկ այդ պայմաններում կոնսենսուս գտնելը չափազանց բարդ է: Եվ այս պարագայում, միանգամից պահանջել ամբողջական համաձայնություն այս ուժերից՝ իրենց գործողություններում, առնվազն միամտություն է: Միևնույն ժամանակ երկիրը գտնվում է կաթվածահար վիճակում. թե՛ տնտեսությունը, թե՛ ահագնացող ու սարսափելի թվերի հասնող արտագաղթը, և ընդդիմության դերը ստանձնած ուժերը հապաղելու և սեթևեթելու ժամանակ չունեն: Դեռ մի քանի տարի առաջ գուցե հեքիաթային ժանրից լիներ խորհրդարանական ոչ իշխանական այս ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ և Ժառագություն կուսակցությունների՝ նույն հարթակում կանգնելը, էլ ինչ մնաց միասնական տեսակետ, իսկ այն է ամբողջական իշխանափոխություն պահանջելը, բայց սա այսօր ոչ միայն իրատեսական է, այլ նաև կայացած փաստ: Սա նշանակում է, որ հակառակ զանազան պնդումների՝ երկրում կան ուժեր և լիդերներ, որոնք սառնասրտորեն գիտակցում են երկրի վիճակը և մտադիր չեն համակերպվել քաղաքական մենաշնորհի և այդ մենաշնորհի արդյունքում օրեցօր թուլացող Հայաստանի կարգավիճակի հետ: Հոկտեմբերի 24-ին հայտարարվեց համաժողովրդական շտաբների ձևավորման գործընթացի սկզբի մասին՝ չբացառելով նաև արտահերթ ընտրություների հարց դնելու հարցը, ինչը նշանակում է, որ իշխանությունը կանգնելու է երկընտրանքի առջև կամ բավական սեղմ ժամկետներում գտնել ադեկվատ լուծումներ երկրում առաջացած բազմաթիվ խնդիրների լուծման համար կամ գնալ ընդդիմությանը փոխզիջման: Առաջին պարագայում, թեկուզ տեսականորեն հնարավոր են բարեփոխումները, սակայն փորձը ցույց է տալիս, որ, ցավոք, իշխանությունն այսօր ինքը կաթվածահար դրության մեջ է և նույնիսկ դրական փոփոխություն անելու գերբնական ջանքերն ապարդյուն են դառնում, քանի որ հասարակությունն այդ ամենը ընկալում է որպես չարիք: Պետք է գիտակցել, սակայն, որ իշխանությունը սոսկ հարստանալու միջոց չէ, այն պատասխանատվություն է նախևառաջ սեփական երկրի, ժողովրդի առաջ, և եթե անկարող ես եղածը պահել, առավել ևս բարեփոխումներ իրականացնել, ապա բարի եղիր, հեռացիր, թող գան մարդիկ, ուժեր, ովքեր գիտեն, պատկերացնում են թեկուզ այս անելանելի դրությունից երկիրը դուրս բերելու ճանապարհները: Մեկ բան առավել քան հստակ է. անկախ ամենից՝ յուրաքանչյուրս որպես գիտակից քաղաքացի և երկրի արժանապատիվ տեր, այլևս չպետք է կարողանա հանդուրժել այս մթնոլորտը, հայ ժողովուրդն ունի համբերատարության գերագույն աստիճան, սակայն սովորաբար այն սպառվելու պարագայում հետևանքներն անդառնալի են դառնում նրանց համար, ովքեր ստիպել են այդքան երկար համբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել