Hamlet AbrahamyanՄեր երկրում շատ մարդկանց թվում է, որ իշխանությունը պլաստիկե տոպրակով լցված աղբի մի կապոց է՝ դրված փողոցում մայթի վրա գտնվող հսկա աղբամանի մեջ և ցանկացած մի բոմժ, որ մի քիչ չալարի ու իր նման մի տասը բոմժ հավաքած գա, տոպրակը իշխանության հետ ու հսկա աղբամանով հանդերձ կվերցնի ու իրենը կդարձնի։ Գլուխը կխոթի այնտեղի հոտած պարունակության մեջ ու կվայելի անհագ ախորժակով, ինչպես այն այժմ վայելում են տոպրակի միջի հոտած ճիճուները։
Հարգելիներս, իշխանությունը, իրոք, շատ սննդարար ու պարարտ աղբ է, դրա համար էլ այն հենց սկզբից իր մեջ ունի իր հետ սերտաճած իր ողջ պարազիտային բնակչությունը, և նոր մի պարազիտ այնտեղ քիթը խոթելու շատ փոքր շանս ունի։ Այդ նոր պարազիտը նախկին պարազիտներից մի գլխով ավելի հզոր պիտի լինի, որպեսզի կարողանա արդեն հարմար տեղավորված պարազիտներին ստիպել, որ նրանք նեղ անեն ու իրեն էլ տեղ անեն և կամ էլ այնքան հզոր լինի նրանցից, որ նրանց բոլորին ուտի, մարսի ու միջավայրը հարմարեցնի իր հոտած ու փտած մարմնին։
Սա է իշխանության գրավման ու իր ձեռքում պահելու միակ ձևը։
Իշխանությունը ոչ մի դարաշրջանում ու ոչ մի ժողովրդի մոտ ոչ մի անգամ չի պատկանել այդ ժողովրդին։ Այն միշտ եղել է տվյալ ժողովրդի ամենակատաղած ստահակի կամ ստահակների վայելքի օբյեկտը՝ սովորական ամենահետին պոռնկանոցից ոչ մի բանով չտարբերվող, բոլոր ատրիբուտներով հանդերձ։
Խելք ունեցեք, ձեզ հարմար պաշտպանական մի սկաֆանդր կառուցեք, որ այդ համատարած աղտեղության մեջ դուք էլ չկեղտոտվեք, ձեր երեխաներին ու հարազատներին էլ լավ պաշտպանեք, որ չկեղտոտվեն ու չվարակվեն այդ իշխանություն կոչվող վարակից ու տենց մեկուսացված ձեր կյանքը ապրեք։ Թե կարող եք ձեր անվտանգ տարածությունն ընդլայնել ու մի քիչ էլ ձեր շրջապատի լավ մարդկանց օգնելով լոկալ ու անվտանգ միկրոտարածքներ ստեղծել, դա էլ կլինի ձեր կատարած լավ գործը՝ հանուն ձեր հոգու հանգստության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել