Կյանքը աստիճան է. թերևս կյանքի ամենաճիշտ բնորոշումներից մեկը: Պարզապես տարբեր մարդկանց մոտ տարբեր են այդ աստիճանների պրոֆիլները: Ինձ մոտ այն անհամաչափ է... Կյանք է էլի՜... Ապրում ենք, ընկնում, բարձրանում, ծնկաչոք կամ պառկած առաջ գնում, հետո նորից ոտքի կանգնում ու էդպես շարունակ: Տալիս ենք, վերցնում, վերցրածը բազմապատկում, նորից ետ տալիս: Գալիս է պահ, երբ ամեն ինչ ունես, ինչ քեզ պետք է երջանիկ լինելու համար, հետո փոխվում են պահանջմունքներդ ու հասկանում ես, որ ավելին ես ուզում, դնում ես նպատակներ, մտքիդ ու սրտիդ խորքում երազանքներ ես արարում ու լծվում դրանց իրականացմանը: Այդ ընթացքում քեզ ուղեկցում են հիասթափություններն ու հաղթանակները, զսպված արցունքներն ու լիաթոք ծիծաղը, անցողիկ ու մնայուն մարդիկ ու արժեքները, սխալները, ճիշտն ու սխալների ուղղելու, կյանքդ մաքրագրելու պահերը: Անգամ պահ է լինում, որ կյանքդ սկսում ես զրոյից՝ փորձելով հնարավորինս զգույշ` առաջին դասարանցու սրտի թրթիռով, նոր տողից, մի մատ խորքից սկսել, սկսում ես, ապրում որոշ ժամանակ, հետո հասկանում, որ դա ամենաանհնարին բաներից մեկն է, անցյալից մարդիկ ու երևույթներ կան, որ ֆիզիկապես կամ ներքուստ ուղեկցելու են քեզ ամբողջ կյանքում: Սիրում ես, սիրվում, միանում, բաժանվում, կիսվում, ամբողջանում ու... ՄԵԾԱՆՈՒՄ ԵՍ: Ճիշտ է, մարդն առաջ է գնում իր կյանքի ողջ ընթացքում, բայց գալիս է մի պահ, որ կարող ես քեզ գոնե հիմնարար արժեհամակարգիդ տեսանկյունից համարել կայացած անհատ, երբ գիտես՝ ինչ ես ուզում կյանքից, ուր ես գնում, ինչ ես փնտրում, ում ես փնտրում: Փակում ես խելահեղ կյանքիդ վերջին էջն ու բացում նոր գիրք, որտեղ տեղ չունեն գիշերային կյանքն իր բոլոր նյուանսներով, անցողիկ հրապուրանքները, աննոռմալ կրքերն ու չստացված սիրավեպերը, սիրապատմվածքներն ու անգամ սիրաբանաստեղծությունները, հոբբիներն ու նախասիրությունները, որոնք որքան էլ որ հաճելի են, բայց քեզնից շատ ժամանակ են խլում... Սկսում ես գնահատել ժամանակդ, ավելի ռացիոնալ օգտագործել, ավելի կշռադատված ու լուրջ... Ու այստեղ գալիս է պահը, երբ շոշափում ես քո ձախ կողմը ու զգում, որ դատարկ է, դատարկ մեկի, ով պետք է լինի քո կողքին, ով պետք է դառնա միակը, ում հետ պիտի կիսես ամեն ինչ՝ արցունք, ծիծաղ, հաջողություն, հաղթանակ, անկողին, տուն: Ով պետք է նման չլինի մինչ այդ ունեցածդ ոչ ոքի, որովհետև նրանք եթե քոնը լինեին, հիմա դու չէիր ունենա այդ դատարկությունը: Նա պետք է լինի նա, ում վրա դողաս, ում համար դառնաս ավելին, քան կաս, ում արտաքինը պիտի կապ չունենա քեզ համար, ում հոգին լինի քոնը, ում թերություններն ու առավելությունները պիտի քոնը լինեն, վերջապես ում պետք է տեսնես երեխաներիդ մոր կերպարում... Այս ամենի հանրագումարը տալիս է քեզ մի համոզմունք` դու պատրաստ ես ընտանիք կազմել... Ու կապ չունի այդ պահին ունես, թե ոչ այդ կերպարը, միևնույնն է, եթե դու պատրաստ ես, նա կհայտնվի... Սերը պիտի լինի ընտանիքի հիմքը, սերն այն ամեն ինչի ու ամենքի նկատմամբ, որ քո ընտանիքում է... 
Աշխարհը սկսվում է ամենքիս տան դռան շեմից...

Սիրեք զմիմիանս։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել